Տրանսպորտ



Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի հոսքի ավելանալու միտումները` քաղաքային իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում ավտոբուսների տեսակարար կշիռը ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն:
Երևանի քաղաքապետարանի համակարգում գործում են հետևյալ ուղևորատար տրանսպորտային ընկերությունները` <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>>, <<Երևանի էլեկտրատրանսպորտ>>, <<Երևանի ավտոբուս>>, <<Ավտոբուս>> և <<Երևանտրանս>> փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց գործունեությունը համակարգում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը:

Երթուղային ցանց

Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատվել է Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը, ինչը նպատակ է հետապնդել լիովին վերանայելու Երևանի ուղևորափոխադրումը կազմակերպելու գործընթացը, որոշակիորեն նվա¬զեցնելու միկրոավտոբուսների թիվը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրման ծավալում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ։
Երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի (1565 միավոր շարժակազմ), ավտոբուսային 68 երթուղի (939 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ)։ Ընթացքում է երթուղային նոր ցանցի ներդրումը, հաստատված ժամանակացույցով 2012թ. անց են կացվել Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթները։
Մրցույթի են դրվել ավտոբուսային բոլոր (68) և միկրոավտոբուսային (76) երթուղիները։ Հաղթողներ են ճանաչվել 36 ավտոբուսային և 74 միկրոավտոբուսային երթուղիների համար։ Մնացած երթուղիներում հայտարարված են լրացուցիչ մրցույթներ։

Ավտոբուսային փոխադրումներ

Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։
Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են մասնավոր 13 կազմակերպություններ, <<Ավտոբուս>> ՓԲԸ-ն և <<Երևանի ավտոբուս>> ՓԲԸ-ն։
Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012թ. մայրաքաղաք է ներկրվել չինական <<HIGER>> մակնիշի KLQ6770G մոդելի նոր 249 ավտոբուս, որոնցով արդեն սպասարկվում են ներքաղաքային 18  երթուղիներ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ զգալիորեն ավելացել է ներքաղաքային ավտոբուսային երթուղիներ դուրս բերվող շարժակազմի քանակը, նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել ավտոբուսներով իրականացված ուղևորափոխադրումների ծավալներում։ 2012թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12.5 մլն-ով կամ աճը մոտ 34.0% է։
Չնայած ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը (նախորդ տարվա համեմատ 5.5%-ով), ներքաղաքային ուղևորափոխադրման ընդհանուր ծավալում այն դեռևս մնում է փոքր՝ մոտ 21.9%։ Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը. անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չունենալու պատճառով երթուղիների մի մասը չի սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն։
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը քաղաքային նշանակության ավտոբուսներով և դրան զուգահեռ նվազեցնել  միկրոավտոբուսների թիվը։ Այդ նպատակով մասնավոր կազմակերպությունների ուժերով 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաք կներկրվի մոտ 150 քաղաքային ավտոբուս։

Միկրոավտոբուսային փոխադրումներ

Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են մասնավոր 43  կազմակերպություններ։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների թիվը պակասեցնելու հետևանքով զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով ուղևորափոխադրման ծավալը։ Չնայած դրան, մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 68.0%-ը։
Որոշակիորեն բարելավվել է միկրոավտոբուսային երթուղիների որակական կազմը։ 2012թ. ընթացքում անցկացված մրցույթների շնորհիվ ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներ են ներգրավվել հիմնականում <<ԳԱԶԵԼ>>  մակնիշի  միկրոավտոբուսներ  (այդ  թվում՝  21 հատ նոր), շահագործումից հանվել են բոլոր <<ՌԱՖ>>  և  <<ԵՐԱԶ>>  մակնիշների միկրոավտոբուսները։ Չնայած նշված երթուղիների աշխատանքները կազմակերպելու գործընթացում արձանագրված դրական տեղաշարժերին, մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումը հիմնականում միկրոավտոբուսներով անընդունելի է, ուստի, ուղևորափոխադրման գործընթացում միկրոավտոբուսների թվի նվազեցումը և դրանց փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։
Երթուղային նոր ցանց ներդնելու գործընթացում արդեն իսկ վերացվել է միկրոավտոբուսային 6 երթուղի, միկրոավտոբուսային 9 երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով, ևս 19 միկրոավտոբուսային երթուղի նախատեսվում է փոխարինել ավտոբուսայինով, որի շնորհիվ միկրոավտոբուսներով ուղորափոխադրումների ծավալը կնվազի և կկազմի ընդհանուրի մոտ 41.0%-ը։

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

<<Երևանի էլեկտրատրանսպորտ>> ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 9 հատ <<Ռենո>>, 34` <<Շկոդա>> և 36 <<ԼԻԱԶ>> մակնիշների։  Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում, միջին հաշվով 50-52 միավոր շարժակազմ։
Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը։ Մասնավորապես, 2012թ. ևս տրոլեյբուսներով իրականացվող ուղևորափոխադրումներում  արձանագրվել է որոշակի աճ  (0.5 %-ով), տեղափոխվել է 5358.7 հազ. ուղևոր, ինչը 26.6 հազ. ուղևորով ավելի է 2011թ. համեմատ։ Չնայած այդ հանգամանքին, դեռևս փոքր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում  (մոտ 2.4%)։
Կարևորելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի նշանակությունը` 2006-ից վերականգնվել է <<Երևանի էլեկտրատրանսպորտ>> ՓԲԸ-ի սուբսիդավորումը ՀՀ պետբյուջեից։
Չնայած 2012թ. տրոլեյբուսային հավաքակազմը չի համալրվել նոր տրոլեյբուսներով, որոշակի աշխատանքներ են կատարվել վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։


Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 (12 շարժակազմ)։
Վերջին տարիներին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումում նկատվել է կայունացման և աճի միտում։ 2008-2009թթ. մետրոպոլիտենով տեղափոխվել է մոտ 18.9 մլն ուղևոր, 2010թ.՝ մոտ 19,0 մլն ուղևոր։ 2011թ. հուլիսի 1-ից ուղեվարձի չափի՝ 50-ից 100 դրամ բարձրացումից հետո արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի որոշակի նվազում, 2012թ. տեղափոխվել է 14.9 մլն ուղևոր։ Մետրոպոլիտենով ուղևորափոխադրման տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում մոտ 6.7% է։
Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրման նոր երթուղային ցանց ներդնելու, մասնավորապես, միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու հետևանքով 2012թ. 2-րդ կիսամյակից արձանագրվել է մետրոպոլիտենով փոխադրվող ուղևորահոսքի ավելացում։ Մասնավորապես, 2012թ. 2-րդ կիսամյակում տեղափոխվել է 8037.6 հազ. ուղևոր, ինչը 490.0 հազ.-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միտումը շարունակվում է նաև ընթացիկ տարում, ինչը լավատեսության հիմքեր է տալիս։
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծավալի զգալի աճ տեղի կունենա միայն առկա գիծը երկարացնելու, նոր կայարաններ կառուցելու և շահագործելու, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցը ներդնելուց հետո։
Շարունակվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ծրագիրը, որի նպատակն է Երևանի մետրո¬պոլիտենի ծառայությունները դարձնել անվտանգ և ապահով։ Ծրագիրը բաղկացած է ներդրումային հետևյալ բաղադրիչներից. շարժակազմի արդիականացում, ռելսային գծերի վերականգնում, էլեկտրասնուցման վերականգնում և վերանորոգում, սպասարկման ծառայությունների և ենթակառուցվածքների արդիականացում, ջրի ներհոսքի վերացում։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 15.0 մլն եվրո է։

Երևանի քաղաքապետարանի
տրանսպորտի վարչություն

Share |
Քաղաքային տնտեսություն