Երևանի
քաղաքապետարան


Հին Երևան




       Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
       Էրեբունի-Երևանը  2792 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. <<Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի>>:
      Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
      Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում:
      Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:
      ...1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:



      Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:
      Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել <<Վարդագույն քաղաք>>: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:
      1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:



      Մայրաքաղաքի մասին պատմական, գիտական և ճանաչողական բնույթի հնարավորինս շատ տեղեկատվություն մատուցելու նպատակով www.yerevan.am կայքի խմբագրությունը <<Հին Երևան>> խորագրի ներքո ընթերցողին է ներկայացնում Երևան քաղաքի պատմության թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա պատրաստված, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի <<Երևան. 7օր>> թերթի 2004-2009թթ. թողարկումներում տեղ գտած հրապարակումների շարքը: Հուսով ենք` դրանք կօգնեն ձեզ համակողմանի պատկերացում կազմելու մեր բազմադարյա մայրաքաղաքի պատմության մի շարք  ուշագրավ դրվագների մասին:

* * *
<<Հին Երևան>> բաժնում տեղադրված լուսանկարները և նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ:
Արգելվում է տեղադրված լուսանկարների և նյութերի վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումն առանց կայքի խմբագրության համաձայնության:


www.yerevan.am կայքի խմբագրություն
Share |
Քաղաքային տնտեսություն