Երևանի
քաղաքապետարան


Երեխաների իրավունքների պաշտպանություն



Ղեկավարվելով <<Երեխայի իրավունքների մասին>> ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի տարեկան աշխատանքային ծրագիրը և բաժնի կանոնադրությունը՝ 2011թ. բաժինն իրականացրել է հետևյալ աշխատանքները.
Առաջնահերթ է համարվել դժվար իրավիճակներում գտնվող երեխաների հիմնախնդիրների բացահայտումը և լուծումը: Բաժնի մասնագետներն իրականացրել են բազմաթիվ տնայցեր, ուսումնասիրել սոցիալապես անապահով ընտանիքներում գտնվող, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կենսապայմանները, անհրաժեշտ մասնագիտական օգնություն տրամադրել, գնահատել նրանց կարիքները, կազմել անհատական վերականգնողական ծրագրեր և հսկողություն իրականացրել դրանց կատարման նկատմամբ։
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնում հաշվառվել են առանց ծնողական խնամքի մնացած 99 երեխաներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 5 անձ։
Երևանում <<Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին>> ծրագրի շրջանակներում մանկատան 1991-2007 թվականների շրջանավարտներին տրամադրվել են բնակարաններ։ Ելնելով անհրաժեշտությունից՝ բաժնի կողմից վերոնշյալ անձանց բնակարաններում (72 տնայց) անց է կացվել շրջանավարտների բնակվելու փաստի վերաբերյալ մոնիտորինգ։
Ընտանիքներից, մանկատներից, խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա բաժինը 84 երեխաների մանկատանը տեղավորելու մասին եզրակացություններ է տվել։ Ծնողների դիմումների հիման վրա 16 երեխայի տրվել է մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու եզրակացություն։
Սոցիալապես անապահով ընտանիքներից ստացված դիմումների  ուսումնասիրության արդյունքում 25 երեխա տեղավորվել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, դուրս է գրվել 32 երեխա։
Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու և օրենքով սահմանված կարգով դրանք լուծելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են 288 տնայց և կազմել կենսապայմանների ուսումնասիրման ակտեր։ Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 155 երեխաների կարիքների գնահատման հիման վրա կազմվել են անհատական վերականգնողական ծրագրեր։
ՀՀ կառավարության 18.03.2010թ. հ. 269-Ն որոշման համաձայն` բաժինը կատարել է որդեգրել ցանկացող 56 քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրություն, որի հիման վրա նախապատրաստվել և քաղաքապետարանի աշխատակազմի կողմից տրվել է 55 դրական և 1 բացասական եզրակացություն։
Որպես որդեգրման ենթակա հաշվառվել է 86 երեխա, որպես որդեգրողի թեկնածու՝ 81 քաղաքացի, այդ թվում` ամուսնական 25 զույգեր և միայնակ 31 քաղաքացիներ։
ՀՀ կառավարության 08.05.2008թ. N459-Ն որոշման համաձայն` բաժինն ուսումնասիրել է խնամատար ծնող դառնալ ցանկացող քաղաքացիների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է 3 դրական եզրակացություն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին։ Նախապատրաստվել և Երևանի քաղաքապետի ստորագրմանն են ներկայացվել  ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ծնողին տրամադրելու մասին պայմանագրեր։
Բաժինը հետևողական աշխատանք է տարել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հայտնաբերելու, հաշվառելու և նրանց կարիքի վկայագրման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ։ 2011թ. ընթացքում նախապատրաստվել, հաստատման է ներկայացվել և երեխաների օրինական ներկայացուցիչներին է հանձնվել կրթության առանձնահատուկ կարիքի առկայության մասին 942 վկայագիր։
Որոշակի աշխատանք է կատարվել նաև Երևանում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու, անչափահասների կողմից իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ։
Այդ նպատակով բաժինն աշխատել է հանրակրթական դպրոցների, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ոստիկանության ԱԳ բաժանմունքների, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։ Մանրամասնորեն քննարկվել են առկա վիճակը, խնդիրները, ոստիկանության ԱԳ բաժինների տեսուչների հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ տնայցեր, անհատական զրույցներ, կարիքների գնահատում, մասնագիտական օգնություն ընտանիքներին և այլն։
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում կազմակերպվել են <<Ծնողավարման հմտություններ>> թեմայով սեմինարներ հաստատությունում գտնվող երեխաների ծնողների համար։
Որոշակի աշխատանք է կատարվել նաև կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց կրթության համակարգում ընդգրկելու ուղղությամբ։ Առանձին ահազանգերի և դիմումների հիման վրա կատարվել են այցեր հանրակացարաններ, ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ, և արդյունքում դպրոց չհաճախող երեխաներն ընդգրկվել են կրթական համակարգում և շարունակել  ուսումը։
Բաժնի մասնագետները հետևողականորեն զբաղվել են նաև Երևանում բնակվող և ծննդյան վկայական չունեցող երեխաներին հայտնաբերելու, ծննդյան փաստաթղթեր չունենալու պատճառներն ուսումնասիրելու և համապատասխան օգնություն կազմակերպելու խնդիրներով։ Լուծվել են մի շարք երեխաների ծննդյան վկայականի ձեռքբերման հարցերը։ Այդ նպատակով համագործակցել ենք մայրաքաղաքի ՔԿԱԳ բաժինների, մանկական առողջապահական հիմնարկների, ՍԾՏԳ-ների, վարչական շրջանների և մի շարք այլ շահագրգիռ կառույցների հետ։
Բաժինը <<Փիփլ ին նիդ>>, <<Սեյվ դը չիլդրեն>>, <<Վորլդ Վիժն>> կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, սեմինարներ, <<կլոր սեղաններ>>՝ երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ։
Բաժնի մասնագետները հաշվետու ժամանակաշրջանում պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացների, գիտաժողովների, կոնֆերանսների։
Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մեթոդական ուղեցույցը մշակելու նպատակով քաղաքապետարանում, ինչպես նաև վարչական առանձին շրջաններում կազմակերպվել են քննարկումներ` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մշակված առաջարկներն ընդգրկվել են հաստատված փաստաթղթում։
Բաժնի մասնագետները պարբերաբար մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 20-ի N19 և հունիսի 17-ի N23 նիստերի արձանագրություններով հավանության արժանացած Գենդերային ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրերից բխող պահանջների կատարումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է գենդերային հարցերով հանձնաժողով, որի գործունեությունը և կազմակերպչական խնդիրներն ապահովվում են բաժնի կողմից։
Բաժինը մասնակցել է քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին, ակցիաներին։
Բաժինը շարունակել է աշխատանքները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Նորք>> տեղեկատվական-վերլուծական  կենտրոնի կողմից իրականացվող  ծրագրի շրջանակներում Երևանում  բնակվող, դժվար իրավիճակներում գտնվող երեխաների համար մանրամասն հարցաթերթիկների լրացման և դրանք համացանցի տվյալների շտեմարան մուտքագրելու գործընթացը։ 
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնում մուտք է եղել 1226  դիմում և գրություն, որից 456-ը՝ դիմումներ քաղաքացիներից, որոնց բոլորին տրվել է համապատասխան ընթացք և սահմանված ժամկետներում դիմողներին պատասխան է տրամադրվել։Վերոհիշյալ բոլոր աշխատանքների իրականացումը ֆինանսավորում չի պահանջել։  Թիվ 2, 6 և 8 հատուկ դպրոցներում բաժնի կողմից կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ՝ հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Երեխաներին տրամադրվել է քաղցրավենիք և մարզական պարագաներ։ Նշված միջոցառումների իրականացման համար բաժնին <<Երևան>> հիմնադրամից հատկացվել է 100.000 դրամ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Share |
Քաղաքային տնտեսություն