Երևանի
քաղաքապետարան


Քաղաքապետարանը և ՀՀ ոստիկանությունը համագործակցում են <<Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ>> ծրագրով

Քաղաքապետարանը և ՀՀ ոստիկանությունը համագործակցում են <<Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ>> ծրագրով


Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժինը դպրոցականների կրթադաստիարակչության համատեղ ծրագիր են իրականացնում: Քաղաքապետարանի և ոստիկանության համագործակցությունը կրում է <<Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ>> խորագիրը: 
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նպատակն է միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսևորումների կանխարգելմանը:



<<Բարեկամ դարձնելով դպրոցականին և ոստիկանին՝ մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահասը>>,- ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քննարկումների ընթացքում դպրոցականները բազմաթիվ հարցեր են ուղղում ոստիկաններին ու ստանում պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաև խորհուրդ են: Այս կերպ ոստիկանները նաև իրազեկվում են, թե ինչ գիտեն երեխաները երիտասարդական տարբեր խմբվածությունների, աղանդների, քրեական և հակասոցիալական այլ խմբերի մասին և հատկապես՝ ինչպես են տեղեկացվում:



Երեխաների հետ անմիջական զրույցները ոստիկաններին ու  մանկավարժներին հնարավորություն կտան կանխարգելել հնարավոր իրավախախտումները՝ երեխաներին իրազեկելով դրանց մասին: <<Շատ դեպքերում օրինակներ ենք բերում, որ ավելի պատկերավոր լինի խոսքը, հետաքրքրի երեխաներին. իրական դեպքեր ենք պատմում, բացատրում ենք այն հնարավոր պատիժը, որ կարող է կիրառվել անչափահասի նկատմամբ իրավախախտում կատարելուց հետո>>,- բացատրում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանը:



Քննարկումներում ընգրկված հարցերի շրջանակները նաև բանակին են վերաբերում՝ բանակը որպես անչափահասների քաղաքացիական դաստիարակության գործոն դիտարկելուն: <<Երեխան պիտի գիտակցի, որ ինքը բանակի համար կարևոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին ու ծառայությանը հայրենիքին>>,- նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քննարկումներին ներգրավված են աշակերտներ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններից դպրոցներից:  

                    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
                    և հասարակայնության հետ կապերի վարչություն
Share |