Երևանի
քաղաքապետարան


Ներկայացվել է 2012 թվականին նախատեսված Երևանի կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը

Ներկայացվել է 2012 թվականին նախատեսված Երևանի կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ, մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ:



<<Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երևանի քաղաքապետի որդեգրած սկզբունքն է և ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երևանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի>>,- նշել է բնապահպանության վարչության պետը:
Նախատեսված աշխատանքների շրջանակում Երևան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների և այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձևավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով և թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող և կարմիր ավազ:
<<Մենք շարունակելու ենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի>>,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:



Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաններ:
Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաև <<Շողակաթ>> հեռուստաընկերությանը հարակից պուրակի և Մարգարյանի անվան <<Մոր և մանկան առողջության պահպանման>> ԳՀԿ-ին հարակից տարածքի անբարեկարգ և բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաև կանաչ գոտու պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով և մանրակերտային լուսանկարներով:



Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացու փողոց  հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրականացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլև կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին, տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը:
Նշվել է նաև, որ նմանատիպ նախագծերով կիրականացվեն Եռաբլուրի  և <<Փարոս>> անտառպուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Share |