Պահոց

Հայտարարություն ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ըտրական ցուցակների թեկնածուներին անվճար դահլիճներ տրամադրելու մասին

28.02.2017

Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալու նաև տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներով, վերջիններիս ևս անվճար կտրամադրվեն Երևան քաղաքի համապատասխան դահլիճները (կցված է դահլիճների ցանկը, տրամադրման օրերով և ժամերով):
Ցանկում ներառված դահլիճից, շինությունից օգտվելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ դիմում է դահլիճը տնօրինողին:
Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
1) դահլիճը (շինությունը) տնօրինողի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) դիմողի անունը, ազգանունը, ընտրություններին մասնակցող կուսակցության լրիվ անվանումը.
3) դիմողի հասցեն, հեռախոսահամարը (առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն).
4) դահլիճի (շինության) անվանումը, որտեղ անցկացվելու է միջոցառումը.
5) միջոցառման օրը և ժամը.
6) միջոցառման պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը (առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն).
7) դիմումի տրման տարին, ամիսը, օրը և դիմողի ստորագրությունը:
Դիմումին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:
Դահլիճը (շինությունը) տնօրինողը դիմումը ստանալուց հետո՝ 2 օրվա ընթացքում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին:
Եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա դահլիճը (շինությունը) տնօրինողը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը:
Եթե ցանկում ներառված դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու պահանջով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա այն տրվում է ընտրություններին մասնակցող այն կուսակցությանը, որի դիմումն առաջինն է մուտքագրվել:
Ցանկում ներառված նույն դահլիճը, սույն կարգով ընտրություններին մասնակցող տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված միևնույն թեկնածուին տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:

Սույն իրավունքը լիարժեք իրացնելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուին դահլիճ տրամադրելու մասին կուսակցության դիմումի մեջ նշված լինի նրա տարածքային ընտրական ցուցակի թեկնածու լինելու հանգամանքը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ