Պահոց

Հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքում կանցկացվի կիսամարաթոն վազքի մրցույթ

09.10.2017

Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական դարձած «Երևանյան կիսամարաթոնը»։ Կիսամարաթոնի նպատակներն են. խթանել առողջ ապրելակերպը, նպաստել մայրաքաղաքում մարզական զբոսաշրջության զարգացմանը, ամրապնդել սփյուռքահայ մարզիկների կապը հայրենիքի հետ:

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ին, Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն հետեւյալ ուղերթով. Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Վարդանանց, Մանուկյան, Իսահակյան փողոցներ, «Կասկադ» համալիր, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Ձորափի փողոցներ (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի փողոցներ և վերջնագիծը՝ Վազգեն Սարգսյան փողոց:
Մասնակիցների համար ըստ տարիքային խմբերի սահմանված են 4 տարբեր մրցուղիներ՝ 21,1 կմ՝ 18 և ավելի տարեկանների համար, 10 կմ՝ 16 և ավելի տարեկանների, 5 կմ՝ 13 և ավելի տարեկանների և 1 կմ՝ 7-12 տարեկանների համար:
21կմ, 10կմ և 5կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, վազքի շապիկներ և մեդալներ։ Սահմանված է նաև հինգ թիմային մրցանակ՝ «Ամենամեծ թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ», «Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ»:
Երևանի կիսամարաթոնը ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքտարածությունում։ Միաժամանակ կիսամարաթոնը պաշտոնապես սատարում է բարեգործական 4 ծրագիրր՝ «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն»։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.yerevan21.amհղումով և սահմանված է որոշակի վճար: Նախատեսված են նաև զեղչեր՝ պայմանավորված թիմերի մասնակիցների թվով:
Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, աջակիցներն են «Կոնվերս բանկը», «Բարրի», «ՇոփԻն», «TriClub Երևան» և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի վազքի ակումբները։
Երևանի կիսամարաթոնը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։ 2015 և 2016 թվականներին կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 3000 վազորդ, մասնակիցների 30 տոկոսը արտասահմանցի վազորդներն էին, որոնք ժամանել էին 37 երկրից։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անկացվող կիսամարաթոնը մշտապես սատարել է բարեգործական ծրագրերի, որոնք ուղղված են եղել մանկական հաշմանդամության, անապահով ընտանիքների օգնության և կրթական ծրագրերին։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել Info@armeniamarathon.org հասցեով կամ զանգահարել՝ 098-18-61-68։
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 9-ը:

 

Երևանի քաղաքապետարան