Պահոց

Մայրաքաղաքում նոյեմբերի 21-26-ը կանցկացվի Երևանի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

20.11.2017

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Նախաձեռնության նպատակն է խթանել տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացումը, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդրումը:

Փառատոնը մեկ հարկի տակ է համախմբելու աշխարհահռչակ գովազդային ընկերությունների ներկայացուցիչների և գովազդի ոլորտի մասնագետների, որոնք կանցկացնեն վարպետության դասեր, կմասնակցեն մասնագիտական համաժողովների: Նշենք, որ արտաքին գովազդի երկրորդ փառատոնի շրջանակում Երևան են ժամանելու աշխարհի առաջատար DDB, BBDO, Saatchi & Saatchi, Zeno Group գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրի շրջանակում համապատասխան անվանակարգերում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն:

Առավել մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև փառատոնի մասնակցության կարգին ծանոթանալու համար այցելեք փառատոնի պաշտոնական կայքը` http://www.yoaf.am:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն