ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (նախկին Հայաստանի պետական ագրարային համալսարան) հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային բնագավառի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա կազմավորվել է 1994թ.՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

ՀԱԱՀ-ի կրթական համակարգը ներառում է ցերեկային ուսուցման 7 ֆակուլտետ ` ագրոնոմիական, պարենամթերքի տեխնոլոգիաների, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսական մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, ագրոբիզնեսի և շուկայաբանության:

ՀԱԱՀ-ի կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորատը: Ինքնակառավարման մարմիններն են` ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, արհմիութենական կազմակերպությունը և շրջանավարտների միավորումը:

Համալսարանն ունի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական և գիտական կազմ: 637 դասախոսներից 64-ը գիտությունների դոկտոր են, 310-ը`գիտությունների թեկնածու: Բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանն ընդունել է բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը (2005թ. հունվար), որի համաձայն բոլոր (36) մասնագիտությունների գծով ՀԱԱՀ-ը անցել է եռաստիճան կրթական համակարգի: Հեռակա ուսուցման դեպարտամենտում մասնագետներ են պատրաստվում 26 մասնագիտությունների գծով: Այդ թվում 6-ն ագրոկենսաբանական, 7-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 8-ը` ագրոպարենային համակարգի տնտեսագիտության, 5-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության:

Համալսարանի կենդանաբանական թանգարանը լավագույններից է ԱՊՀ-ում: ՀԱԱՀ-ի պատմության թանգարանի հավաքածուում համալսարանի հիմնադրման վերաբերյալ հարուստ փաստագրական նյութեր են ներկայացված:

ՀԱԱՀ-ի <<Բալահովիտ>> և <<Ոսկեհատ>> ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը ներկայումս ունի 1077 հա հողատարածք, որտեղ ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտներն ու գիտաշխատողներն ուսումնական և հետազոտական ծրագրեր են իրականացնում:

Այլ մանրամասներ տե՛ս www.anau.am  
 
 

Հասցե՝ ք.Երևան, Տերյան 74
Հեռ.` (+374 10) 52 45 41, (+374 10) 58 19 12