ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավտոբուս

Ավտոբուս

Ավտոբուսային փոխադրումներ


Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 561 ավտոբուս, փաստացի շահագործվում է 39 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 400 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 17 կազմակերպություններ։
Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2017թթ. մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 434 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2017թ-ին՝ «Հունդաի» մակնիշի 3 հատ)։ 2019թ. ներհամայնքային ավտոբուսային երթուղիներ դուրս բերվող շարժակազմի քանակի որոշ չափով ավելացման և երթուղիների շահագործման արդյունավետության բարձրացման արդյունքում որոշակիորեն աճել է ավտոբուսներով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը։ 2019թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 84.3 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 1.6%-ով, իսկ տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է
մոտ 43.2%։ Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս ցածր է։ Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը քաղաքային նշանակության ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է իրականացնել Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։