ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի մայրաքաղաքները

Պատմաբանները հաշվել են Մեծ Հայքի 12 մայրաքաղաք` չներառելով Ծոփքի, Կոմմագենեի, Կիլիկիայի, Փոքր Հայքի, հայկական պետական այլ միավորների ոստանները: Նրանք պնդում են, սակայն, որ հայոց պետականության արմատները շատ ավելի խոր են, նշանակում է` այլ մայրաքաղաքներ էլ են եղել, որոնց մասին կիմանանք մոտ ապագայում: Բոլոր այդ քաղաքները հայոց պատմության անբաժանելի մասն են, պետականության խորհրդանիշները: Պատահական չէ, որ մեր նորօրյա ոստանի քաղաքապետարանի շենքի ճարտարապետության գլխավոր տարրերից են բոլոր մայրաքաղաքների հուշասյուները: Մայրաքաղաքի դերում Երևանին նախորդել են Մեծ Հայքի հետևյալ քաղաքները:
 

Վան
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ: Հայտնի է, որ Սարդուրի Ա թագավորը, ով իշխել է մ.թ.ա. 840-825թթ., այստեղ է տեղափոխել արքունիքը և կառուցել Շիվինիի՝ արևի աստծո տաճարը։ Արևի սկավառակը գլխից վեր պահող աստծո կինն էր Տուշպուեան (քաղաքի անվան տարբերակներից մեկը)։
Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը պետք է որ առատ ջուր ունենար, և մ.թ.ա. 8-րդ դարում անց է կացվում 70-80 կմ.երկարությամբ վիթխարի ջրանցք: Վերջինս, սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբյուրներից, անցնում էր լեռնալանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ:
Ջրանցքն իր ժամանակի համար եզակի կառույց էր, ուներ 4,5մ լայնք և 1,5մ խորք:
Մենուա 1-ինի (մ.թ.ա. 810-786) ջրանցքը, որ կառուցվելուց 28 դար հետո էլ բանեցնում էր 40 ջրաղաց, սերունդների համար չպահեց Մենուայի անունը և նրա փառքը բաժին ընկավ Շամիրամին:
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Բաբելոնի հռչակավոր կախովի այգի է եղել նաև Հայաստանում` Վանում, և այդ հրաշագործության հեղինակը կրկին Մենուա Առաջինն էր:
Ռուսա Առաջինի թագավորության տարիներին ¥մ.թ.ա. 735-713¤ Վանն այնքան բազմամարդ և հսկա քաղաք էր, որ միայն արքունիքում ապրում էր 5507 մարդ: Պահպանվել է Ռուսայի պալատական անձնակազմի ցուցակը, ըստ որի` այնտեղ բնակվում էին 1113 անվանի անձինք կամ պալատական, 3784 պաշտոնյա, 152 ծառայող, 10 գինեգործ, 400 այլ անձինք, ըստ երևույթին` զինվորներ, արհեստավորներ, ախոռապետեր և ջորեպաններ, սպասավորներ:
Հայոց հերթական գահակալ տոհմի` Երվանդունիների արքայանիստը ևս մինչև մ.թ.ա. 331-ը եղել է Վանը:
10-11 դդ. ևս Վանը արքայանիստ էր: Գագիկ Արծրունին 908-ին հիմնում է Վասպուրականի թագավորությունը և մայրաքաղաք հռչակում Վանը: Քաղաքի թագավորանիստ կարգավիճակը պահպանվում է մինչև Վասպուրականի թագավորության անկումը` 1021թթ.:
Այժմ այն Թուրքիայի ծայրամասում գավառական խղճուկ քաղաք է:

Արմավիր
Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտնվող բլրի գագաթին պահպանվել են Արմավիր քաղաքի բաց կապտավուն, հղկված բազալտե պարիսպները, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքերն ու հետքերը: Պեղումներն ի հայտ են բերել նաև հում աղյուսից կառուցված սենյակների մի ողջ համալիր: Պահպանվել են շուրջ 3 մետր բարձրության հողագույն պատերը: Հռչակավոր Սոսյաց անտառն այստեղ է եղել։
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին: Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն այս տեղանքում հիշատակում է Արգիշտիխինիլի քաղաքը։  Արմավիրի հիմնավայր Արգիշտիխինիլին կառուցվել, ընդարձակվել ու բարեկարգվել է շուրջ 200 տարի և ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական, մշակութային, հոգևոր նշանավոր կենտրոն: Քաղաքն արվարձաններով հանդերձ զբաղեցրել է մոտ 1000 հա: Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել է շուրջ 30.000 մարդ: Քաղաքի պարիսպների հաստությունը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 40 կմ էր, միջին խորությունն ու լայնքը` 2-ական մետր:
1985թ. պեղումների ժամանակ Արմավիրում հայտնաբերվեց էլամերեն երեք սեպագիր սալիկ. դրանք հանրահայտ <<Գիլգամեշ>> էպոսի բեմականացումից հատվածներ էին: Մինչ այդ էպոսը հայտնի էր քառալեզու արձանագրություններով: Ենթադրվում է, որ էպոսը բեմադրվել է մ.թ.ա. 760թ. Արմավիրում, Սարդուր Երկրորդի գահակալման և ամուսնական հանդեսների ժամանակ: Հնարավոր է, որ այդ բեմադրությունն ավելի հին լինի: Այսպիսով, Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է ոչ թե Արտաշատում, այլ Արմավիրում և շարունակվել դարեր: Վերջինս հաստատում են նաև Արմավիրի հունարեն արձանագրությունները, որոնցից մեկը մ.թ.ա. 7-րդ դարի հույն գրող Հեսիոդոսի <<Գործեր և օրեր>> երկին առնչվող հատված է:
Երվանդունի արքայատան Երվանդ Վերջին թագավորի կարգադրությամբ, ով, ըստ Խորենացու, գահակալել է շուրջ 20 տարի (մ.թ.ա. 220-201թթ.), մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ: Արմավիրն անբնակ է դարձել 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով։ Հարյուրամյակներ անց հյուսիսային Կովկասի չերքեզական գյուղերում ապրող հայերը նոր քաղաք հիմնեցին և 1848թ. կոչեցին Արմավիր։

Երվանդաշատ
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից: Շատ ավելի կարևոր էր ռազմաքաղաքական նշանակությունը: Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի երկարատև պաշարման պարագայում հնարավոր լինի գետի ջրից օգտվելը: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով։
Նոր մայրաքաղաքին շատ մոտ` Արաքսի աջ ափին, Երվանդ թագավորը կառուցում է նաև Երվանդակերտ դաստակերտը, որտեղ բնակվում էր արքայական ընտանիքը:
Մ.թ. IV դարում պարսից արքա Շապուհի զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը։

Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Տեղանքի ընտրությունը Պլուտարքոսը վերագրում է Կարթագենի աշխարհահռչակ զորավար Հաննիբալին: Քաղաքը <<Հայկական Կարթագեն>> էին անվանում ժամանակակիցները. եղել է խոշորագույն և գեղեցկագույն բնակավայր: Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայական պարիսպներով, բայց շուտով բնակավայրն այնքան է տարածվում, որ դաշտավայրով մեկ փռվում են արվարձաններն ու այգիները: Կառուցվում են բազմաթիվ պալատներ ու տաճարներ, ինչպեսև քաղաքի պահապանին` Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյան:
Քաղաքն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք:
Քաղաքի միջնաբերդը Խոր վիրապի բլրի վրա էր և ուներ երկշար պարիսպ: Այստեղ էր արքունի դղյակը, նաև նշանավոր բանտը` այն հսկայական քարապատ փոսը (խորությունը 6 մ)` Խոր վիրապը:
Տիգրան Մեծի օրոք Արտաշատը որոշ չափով զրկվում է մայրաքաղաքային գործառույթներից, բայց ծաղկումը շարունակվում է, քաղաքը դառնում է ավելի բազմամարդ: Զարգացումը շարունակվում է նաև Տիգրանի որդի Արտավազդ արքայի օրոք: Ըստ երևույթին, հենց նա է կառուցել Արտաշատի ամֆիթատրոնը:
Արտաշատում շրջանառվել են քաղաքային դրամներ` <<Արտաշատ մայրաքաղաք>> մակագրությամբ և պահապան աստվածուհու` Անահիտի պատկերով: Դրանք հայտնաբերվել են պեղումների ժամանակ: Գտածոն հուշում է, որ Արտաշատն ունեցել է քաղաքային ինքնավարություն:
Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր. քաղաքով էր անցնում հռչակավոր <<Մետաքսի ուղին>>: Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ <<գործոց տներ>>, որոնցում պատրաստում էին զենք ու զրահ, շքեղ զգեստներ, կահկարասի, պերճանքի առարկաներ, ոսկյա զարդեր, բրուտագործական և մետաղագործական արտադրանք, ապակյա անոթներ, սրվակներ: Արտաշատի հատուկ թաղամասում մշակվում էր որդան կարմիր ներկը:
Հռոմեացիների, ապա պարսիկների արշավանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ ավերվում է և արդեն 7-րդ դարում հիշատակվում որպես փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` <<որդան կարմիրի գյուղ>>:
Այժմ Արարատի մարզի կենտրոն է։

Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց:
Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները:

Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Քաղաքի միջնաբերդը մոտավորապես զբաղեցնում էր այժմյան Էջմիածնի վանքի պարսպապատ տարածքը: Այնտեղ էին թագավորի պալատը, Անահիտ աստվածուհու տաճարը, պետական և հասարակական շենքները, զորանոցները, բանտը, բաղնիքը և այլն: Քաղաքն ուներ հզոր աշտարակներով պարիսպներ, որոնցից դուրս էին մնում որոշ արհեստանոցներ, անտիկ տաճարը և գերեզմանոցը: Տաճարը, ըստ երևույթին, նվիրված էր արևի աստված Միհրին և գտնվում էր Հռիփսիմեի եկեղեցու տեղում:
Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վաղարշապատում են հիմնել հայոց առաջին նոր դպրոցը: Առաջին մատենադարանը ևս այստեղ է հիմնվել: 13-15-րդ դդ. քաղաքը կոչվել է Էջմիածին` Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար սբ. Էջմիածնի անունով:
Ներկայումս կրկին վերանվանվել է Վաղարշապատ։

Դվին
Ժամանակի խոշորագույն քաղաքներից էր, Արտաշատից ոչ հեռու։ Հայտնի էր տարբերակներով. հայերեն հնչել է Դուին, Դվին, արաբները կոչել են Դաբիլ, Ադաբին, հույները՝ Դուվիյ։ Նույնիսկ Արարատյան դաշտը և Արաքս գետը երբեմն հիշատակվում են Դվին անունով։ Դվինի տեղում բնակավայր է եղել մ.թ.ա. V հազարամյակում։ Պահպանվել են մ.թ.ա. 2-1-րդ հազարամյակների կիկլոպյան պարիսպների հետքեր: Հայտնաբերվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կրոնական շինությունների մնացորդներ և առարկաներ, դամբարանադաշտ` քարե արձանների ու քանդակների բեկորներով:
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք: Խոսրովը քաղաքի կլիման բարելավելու համար, քանի որ տեղանքը շոգ էր և անտառազուրկ, հիմնում է հսկայազանգված անտառներ և դրանք դարձնում արքայական որսատեղի: Այսօր էլ այդ անտառը կա և հայտնի է հիմնադրի անունով: Խոսրովի հաջորդները մի քանի դար շարունակում են մայրաքաղաքի կառուցապատումը: Միջնաբերդի պեղումների ժամանակ բացվել է սրբատաշ քարով սյունազարդ մի մեծ դահլիճ: Ենթադրվում է, որ դա էլ հենց Արշակունի թագավորների գահանիստ սրահն է, որի հատակին դեռևս նկատելի է աստիճանավոր այն բարձրությունը, որին դրվել է արքայական գահը:
Դվինը եղել է ժամանակի խոշորագույն քաղաքներից: Միջնաբերդն օղակված էր հզոր պարիսպներով, որոնց շուրջը կառուցված էր ստորին բերդը. դրանց միջև ընկած տարածքում բնակվում էին բարձրաշխարհիկ մարդիկ, պաշտոնյաներն ու զինվորականությունը: Ստորին բերդի պարիսպներն ահռելի չափերի են եղել` 12-15 մետր հաստությամբ և 15-20 մետր բարձրությամբ, իսկ պարսպի չորս անկյուններում հզոր աշտարակներն էին: Յուրաքանչյուր 40 մետրի վրա կառուցված էին հսկա բուրգեր, ընդհանուր առմամբ ` 30-ից ավելի: Պարիսպներից դուրս եղել է 5-6 մետր խորություն և 30-50 մետր, տեղ-տեղ` 65-70 մետր լայնքով խրամ, որը լցվել է Ազատ գետի ջրերով: Քաղաքի բոլոր թաղամասերը շրջակա լեռներից կավե խողովակներով ջուր են ստացել:
Ծաղկման տարիներին Դվինն ունեցել է 150 հազարից ավելի բնակչություն: Քաղաքը եղել է զարգացած արհեստագործության կենտրոն: Դվինցի ոսկերիչների վարպետության վկայությունն են հայտնաբերված օձագլուխ ապարանջանները, շղթայաձև մանյակները, մատանիները, ականջօղերը, արծաթյա գոտիներն ու սափորները: Իսկ խեցեգործությունն ու բրուտագործությունն այնքան էին զարգացել, որ վարպետները պատրաստում էին նույնիսկ 1000 լիտր տարողության կարասներ:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս ավերել են զավթիչները, հատկապես տուժել է աղետներից, որոնցից ամենաավերիչը 893թ. երկրաշարժն էր:
Այժմ Դվինի հողածածկ ավերակները փռված են Արտաշատին հարող մի շարք գյուղերի տարածքում:

Բագարան
Ախուրյանի աջ ափին՝ Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։ Բագարանն ուներ հաստաբեստ պարիսպներով միջնաբերդ, որի շուրջ տարածված էր քաղաքը: Այստեղ էին Բագրատունիների ապարանքներն ու տոհմական դամբարանը, եկեղեցիներ, որոնցից նշանավորը սբ. Թեոդորոսն է: Ձորում և հանդիպակաց բլուրների վրա պահպանված շինությունների փլատակները, ինչպես և հինգ եկեղեցիների գոյությունը վկայում են, որ քաղաքը հիանալի կառուցապատված ու բազմամարդ է եղել:
Բագրատունյաց թագավորության անկումից հետո քաղաքն ավերում են սելջուկ-թուրքերը, իսկ 1394թ.` Լենկ Թեմուրի հրոսակախմբերը։ Բագարանի փառքը չի վերականգնվել. 20-րդ դարասկզբին այն սովորական գյուղ էր՝ 800 բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմում գյուղն ավերվեց ու լքվեց։ Հրաշքով փրկված բնակիչներն Արաքսի ձախ ափին հիմնեցին ներկայիս Բագարան գյուղը։

Շիրակավան
Շիրակավանն (Երազգավորս) Անիից ոչ հեռու` Ախուրյանի աջ ափին է: Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավան անունն աղավաղվել է, դարձել Շորագյալ (հենց այս անունով էլ բնակավայրի անունը հիշվում է Հովհ. Թումանյանի <<Գելը>> պատմվածքում)։
Այդ տարածքում բնակավայր է եղել դեռևս մ.թ.ա. 3-2-րդ դարերում: Բագրատունյաց օրոք այնտեղ կար ամրոց, պաշտպանական այլ կառույցներ, իսկ 3կմ հեռավորության վրա Տիգնիս նշանավոր ամրոցն է, որ հետագայում դարձավ Անիի պաշտպանության կարևոր հենակետը: Սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշավանքների հետևանքով, ի թիվս այլ բնակավայրերի, ավերվում ու թալանվում է նաև Շիրակավանը և հետագայում պատմագրությունում հիշատակվում է արդեն որպես գյուղ:
1920թ. Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է, մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում։

Կարս
Հնուց ի վեր Վանանդի նշանավոր նախարարական տան աթոռանիստն էր: Կարսի ապստամբ իշխանից Բագրատունիները խլում են նրա տիրույթները` ներառյալ աթոռանիստ Կարսը: Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք: Թագավորական պալատներն ու այլ շինությունները միջնաբերդում էին: Աբասը Կարսագետի ափին կառուցում է նաև սբ. Առաքելոց մայր եկեղեցին: Երբ Աշոտ Ողորմած արքան /953-977թթ./ մայրաքաղաքը 961թ. փոխադրեց Անի, նրա եղբայր Մուշեղ Բագրատունին իրեն հռչակեց Կարսի թագավոր: Թագավորության անկումը թվագրված է 1065. սելջուկ-թուրքերի անընդհատ արշավանքները Գագիկ Կարսեցի արքային հարկադրում են քաղաքը և շրջակա տիրույթները հանձնել Բյուզանդիային և տեղափոխվել Կապադովկիա:
Կարսը արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, ուներ ամրակուռ բերդ, որ ավերվել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1828թ. ռուսները գրավել են Կարսը, սակայն 1921թ. այն կրկին հանձնել են Թուրքիային։

Անի
Անին գտնվում է Շիրակում` Ախուրյանի աջ ափին: Բնականից անառիկ այս սարահարթում բնակավայր է եղել դեռևս վաղնջական ժամանակներում, ինչի վկայությունը կիկլոպյան շինությունների մնացորդներն են: Այն բլուրը, որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր, դեռ Կամսարականների օրոք (4-րդ դար) պարսպապատված էր. այնտեղ էր նրանց իշխանանիստ ամրոցը: Կամսարականներն արաբների դեմ ապստամբությունից հետո (773-75թթ.) հեռանում են Բյուզանդիա, իսկ նրանց տիրույթները անցնում են Բագրատունիներին: 961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Մայրաքաղաք հռչակվելուց ընդամենը 2-3 տարի անց թագավորը կառուցում է Անիի ներքին պարիսպը: Ենթադրվում է, որ նրա օրոք է անցկացվել ջրմուղը և վերակառուցվել Կամսարականների պալատը: Անին կառուցապատվել է աննախընթաց արագությամբ: Հաջորդ` Սմբատ Երկրորդ թագավորը ընդարձակված քաղաքը պարփակում է պարիսպների նոր շարքով` մոտ երկուսուկես կմ երկարությամբ և 8-10մ բարձրությամբ: Արտաքին կողմում փորված էր մոտ 500 մետր երկարությամբ ու 10-12 մետր լայնքով խոր խանդակ, որը լցված էր ջրով և, բացի պաշտպանականից, օգտագործվում էր նաև գյուղատնտեսական նպատակներով: Անիի պաշտպանական համակարգ էին ներառված նաև միջնաբերդը, Աղջկաբերդը, այլ պարսպահատվածներ, արվարձանային ամրություններ: Անիի պարիսպներն ունեին 80-90 բուրգ, որոնցում կային զորանոցներ ու պահականոցներ: Անիի զինանշանը` վազող հովազի բարձրաքանդակը, պատկերված էր Ավագ դռան վրա: Պաշտպանական պակաս կարևորություն չունեին նաև կամուրջները: Միայն Ախուրյանի վրա տասը կամուրջ է եղել` շարժական և երկու կողմից կրկնահարկ պարիսպներով:
Այս ամենից բացի, կար նաև ստորերկրյա Անի, որն ուներ ռազմական, պաշտպանական նշանակություն. դրա սրահներն ու գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին:
Քաղաքը շատ խիտ էր կառուցապատված. տները, սովորաբար, մեկուկես, երկհարկանի էին, բաղկացած 3-6 բնակելի և օժանդակ սենյակներից: Գլխավոր փողոցի լայնքը 4-5 մետր էր, մայթերին քարե նստարաններ կային: Այստեղով էր անցնում քաղաքի ջրմուղի հիմնական գիծը: Անիի ջրմուղը միջնադարի համար մի խիստ բարդ համակարգ էր` կավե և երկաթե խողովակներով: Դրանք սնուցում էին Անիի 6 բաղնիքները:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Անին միջազգային առևտրական ուղիների կարևոր հանգույց էր: Օտարերկրացիներին ապաստան տալու համար Անիում կար 10-15 հյուրանոց: Քաղաքը հայտնի էր բազմատեսակ արհեստներով, այդ թվում` ապակեգործությամբ. այստեղ արտադրվում էին գավաթներ, սրվակներ, բաժակներ, ափսեներ, բյուրեղապակյա իրեր: Քաղաքն ունեցել է մի քանի շուկա. պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև քարաշեն խանութների երկու շարք:
Անիում կային նաև մատենադարաններ` արքունիքում, բարձրագույն դպրոցում, կաթողիկոսարանում, վանքերում: Թատրոնին հատուկ շենք էր հատկացված:
Անիի մարդաշատությունն են հաստատում նրա ընդարձակ արվարձանները, հարյուրավոր եկեղեցիները, բավական խիտ կառուցապատումը: Ըստ պատմիչների` քաղաքում կար ավելի քան 100 հազար բնակիչ:
 Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիի փառքն սկսում է աստիճանաբար մարել: Արդեն 16-րդ դարում Անին հիշատակում են որպես գյուղ։ Այժմ Թուրքիայի <<տեսարժան վայրերից>> է:

Ըստ Սերգեյ Վարդանյանի <<Հայաստանի մայրաքաղաքները>> գրքի