ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնություն

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հուլիսի 26-ի հ. 147-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետարանը միացել է Եվրոպական Միության «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը:
«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ) Եվրոպական միության նոր նախաձեռնություն է, որը գործարկվել է 2017թ. հունվարին Արևելյան գործընկերության շրջանակում: Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով: Ներկայումս «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ակումբն ունի 251 մասնակից: Սույն նախաձեռնության համար մասամբ հիմք է ծառայել հաջողությամբ իրագործված «Քաղաքապետների դաշնագիր» նախագիծը, որին Երևանի քաղաքապետարանը միացել է Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9–ի հ.204-Ա որոշման համաձայն:


Նախաձեռնության նպատակները


ՀՀՏԶ հիմնական նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների համայնքներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող, ինչպես նաև ապահովելու տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման համար հնարավորությունների ստեղծումը, համայնքների բարեկեցության և կենսամակարդակի բարձրացումը։
Նախաձեռնության անմիջական նպատակն է զարգացնել ծրագրին մասնակից տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց գործընկերների (մասնավոր հատված և քաղաքացիական հասարակություն) հնարավորությունները՝ ձգտելով.
• Աջակցել և խրախուսել տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց գործընկերներին՝ մշակելու և իրագործելու Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր, որոնք, համաձայն եվրոպական լավագույն փորձի և մոտեցումների, բացահայտում են աճի հիմնական նախադրյալները։
• Բարելավել տեղական կառավարման մարմինների տեխնիկական հմտությունները, ինչպես նաև տեղական տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման համար պահանջվող հմտությունները՝ համատեղելով դրանք պատշաճ կառավարման և ողջամիտ ֆինանսական կառավարման սկզբունքների հետ։
• Խթանել պետություն-մասնավոր հատված երկխոսության վրա հիմնված տեղական համագործակցությունների ստեղծումը՝ աճի, զարգացման և զբաղվածության մեծացմանն ուղղված ծրագրերի իրագործման համար։
• Զարգացնել և տարածել նորարարություններն ու լավագույն փորձը՝ տեղական զարգացման դերակատարներին մոտիվացնելու, նոր գործնական մոտեցումները կիրառելու և զարգացմանն ուղղված տեղական քաղաքականություններն ու գործողությունները պահպանելու համար։
ՀՀՏԶ նախաձեռնությունն իր գործընկերներին առաջարկում է մոտեցում, որը համայնքներին կօգնի՝
• հասկանալ տնտեսական իրադրության բարելավման իրենց ներուժը,
• ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն
• դրական փոփոխություններ կատարելու իրենց ներուժը,
• ստեղծել սեփական պահանջներին համապատասխան լուծումներ, որոնք կօգնեն դրական փոփոխությունների իրագործմանը,
• ձեռնարկել զարգացմանն ուղղված գործողություններ և գնահատել ձեռք բերված արդյունքները:


Նախաձեռնության մոտեցումը

 

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մոտեցումը հիմնված է հետևյալ նկատառումների վրա՝
- Ամբողջ աշխարհում մասնավոր հատվածը տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժն է:
- Բոլոր շրջանները, քաղաքներն ու բնակավայրերն ունեն յուրօրինակ առավելություններ, որոնք կարող են օգտագործվել աճը և զբաղվածությունը խթանելու համար:
- Պետություն-մասնավոր հատված երկխոսությունն ու գործընկերությունը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ, տեղական տնտեսության ներուժի բացահայտման հիմնական գործոններն են:
- Տեղական ինքնակառավարման մարմինները բացառիկ հնարավորություն ունեն՝ նախաձեռնելու և իրագործելու «ներքևից վերև» գործողություններ, որոնք կխթանեն աճը:
- Շոշափելի արդյունքների հասնելու համար այս գործողությունները պետք է դիտարկվեն հետևյալ «հիմնասյուների» շրջանակում, որոնք մասնավոր աճի զարգացման հիմնական նախապայմանն են: Այդ «հիմնասյուներն» են՝
• Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ,
• Ֆինանսական միջոցների հասանելիություն,
• Հող և ենթակառուցվածքներ,
• Հմտություններ ու մարդկային կապիտալ,
• Արտաքին դիրքավորում և մարքեթինգ:
- Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական տնտեսական աճը խթանելու ներքին մոտիվացիան, պատրաստակամությունը և բավարար ներուժը բնորոշ են հաջողված տեղական տնտեսություն ունեցող բոլոր տարածաշրջաններին: Այդ պատճառով, «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակցությունն ավտոմատ կերպով արտահայտվում է մասնավոր հատվածի աճը խթանող հետևյալ երկու հիմնական նախապայմանով՝
• Բիզնեսին աջակցող, թափանցիկ վարչարարություն,
• Տեղական համագործակցություն:

Միանալով «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը՝ համայնքները կկարողանան օգտվել աջակցման ծառայություններից, բարձրակարգ մասնագիտական օժանդակությունից, մասնավորապես.
- տեղական տնտեսական զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ընթացքում փորձագիտական աջակցություն,
- տեղական տնտեսական զարգացման բնագավառում միջազգային խորհրդատվության և փորձագետների անվճար հասանելիություն,
- հստակ նախագծերի հայտնաբերման ու մշակման օժանդակություն և աջակցություն դրանց իրականացման ընթացքում,
- ներդրումներ ներգրավելու նպատակով՝ ձեռք բերված արդյունքների հաղորդակցման աջակցություն,
- դրամաշնորհների որոնման և ներդրումային ծրագրերի նախապատրաստման աջակցություն,
- միջազգային ֆինանսական հաստատությունների և պոտենցիալ ներդրողների հետ կապի հաստատում,
- տեղական գործընկերների, մասնավորապես՝ առևտրային կազմակերպությունների, կրթական և գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավում,
- կապեր այլ երկրների համայնքների և արտասահմանյան գործընկերների հետ,
- արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդում,
- աշխատակիցների փոխանակման գործիքներ, վերապատրաստումներ, ուսուցողական այցեր և թեմատիկ գործնական պարապմունքներ համայնքային աշխատակիցների և տեղական գործընկերների համար,
- համապատասխան տեղեկատվության հասանելիություն և տարածում,

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կմշակվի և ՀՀՏԶ քարտուղարությանն կներկայացվի «Տեղական տնտեսական զարգացման պլանը», որի արդյունքում Երևան քաղաքը համապատասխան օժանդակության շրջանակում հնարավորություն կունենա գնահատելու տնտեսական իրադրության բարելավման իր ներուժը, ստեղծել սեփական պահանջներին համապատասխան լուծումներ, ձեռնարկել զարգացմանն ուղղված գործողություններ և գնահատել ձեռք բերված արդյունքները:

Լուսանկարներ