ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մշակույթ

Վարչության գործառույթներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 74 մշակութային կազմակերպություն. Այդ թվում՝ 3 թատրոն՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, 19 գրադարան ՀՈԱԿ (գրադարաններ կան վարչական բոլոր շրջաններում), 5 թանգարան՝ Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի անվան, Ժամանակակից արվեստի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը։ Գործում է երաժշտական և արվեստի 26 դպրոց, բացի այդ, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններ կան վարչական բոլոր շրջաններում։ Արվեստի և երաժշտական դպրոցների սաները մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, փառատոների՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների։
Ամեն տարի կազմակերպվում է արվեստի և երաժշտական դպրոցների մրցույթ–փառատոն, որին մասնակցում են Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների սաները, որոշվում է դպրոցների «Լավագույն տասնյակը»։ Մրցույթ–փառատոնի գլխավոր համերգը տեղի է ունենում «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վաչության ենթակայության մշակութային կազմակերպություններից են նաև Յուրի Բախշյանի ավան մանկական ֆիլհարմոնիան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, Երևանի կենդանաբանական այգին, «Հայ-Արտ» և «Արաբկիր» մշակութային կենտրոնները:
Գրադարաններից, արվեստի և երաժշտական դպրոցներից բացի Երևան քաղաքի վարչական շրջաններում գործում են նաև մշակութային-դաստիարակչական այլ կենտրոններ: Նշված կազմակերպությունները յուրաքանչյուր տարի մասնակցում են ֆրանկաֆոնիայի ծրագրով կազմակերպվող միջոցառումներին, քաղաքային, հանրապետական և միջազգային նշանակության այլ մշակութային նախագծերին։
Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունն իրականացնում է համաքաղաքային մշակութային և տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված զանգվածային միջոցառումներ։


2016թ. գործունեությունը


2016թ. ընթացքում կազմակերպվել և անցկացվել են հետևյալ միջոցառումներն ու ծրագրերը.

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ծիծեռնակաբերդում՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Էստոնիայից ժամանած երգչախմբի մասնակցությամբ։
«Հանուն համամարդկային արժեքների» խորագրով համերգային ծրագիր՝ Ջազի միջազգային օրվա առթիվ:
Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը 10 անվանակարգերով, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի 10 արվեստի և 15 երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտները։
 
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 2015-2016 ուստարվա շրջանավարտների «Վերջին զանգ»-ին նվիրված ծրագիրը, որի ժամանակ մայրաքաղաքի լավագույն երգիչների և կատարողների մասնակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է տոնական համերգ։
 
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքն Ազատության հրապարակում՝ «Մանուկների երազանքները՝ կավճանկարներով» կավճանկարչություն և մանկական տոնական համերգային ծրագիր, «Հաղթանակ» զբոսայգում մանկական երգի ու պարի փառատոնը։
«Երազանքի պուրակում» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել մանկական համերգային զվարճալի միջոցառում, որն ավարտվել է երեկոյան դիսկոտեկով։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շարքում Ազատության հրապարակում «Աշխարհը՝ երեխաների աչքերով» խորագրով արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս։ Նույն օրը երեկոյան Կարապի լճի էկրանին ցուցադրվել են հայկական կարճամետրաժ մուլտֆիլմեր երեխաների համար։ Երեկոյան «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված համերգով ու հրավառությամբ ամփոփվել են հունիսմեկյան տոնական միջոցառումները։
 
«Երևանյան ամառ 2016». պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին։
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախներում երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։ Մասնակից երեխաները կազմակերպության մուտքի մոտ մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին բաց դասի ձևով ներկայացրեցին պարային գեղեցիկ կատարումներ, անցկացվեցին կերպարվեստի, թատերական բեմադրությունների, երաժշտական և այլ բաց դասեր։
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը՝ նվիրված հայկական տոնածիսական ուտեստներին։
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-վաճառք՝ մասնակցությամբ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի և գրախանութների, երեկոյան շարունակվել է գրական բոհեմ համերգը: Ցուցահանդես-վաճառքը բաց է եղել հունիսի 15-ին և 16-ին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփիչ համերգով ավարտվել է «Երևանյան ամառ 2016» ծրագրով «Հնչում է Երևանը» խորագրով անցկացված Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը:
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի բեմահարթակից հնչել են միայն հեղինակային երգեր: «Երևանյան բարդ» խորագրով համերգային երեկոն բացել են երիտասարդ կիթառահարները, որը շարունակել են հեղինակ-կատարողները։
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ընթացքում Մ. Սարյանի պուրակում ստեղծվել է «Երևանյան ամառ» կտավը:
 
Հուլիսի 1-ին մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը, որին այս անգամ մասնակցեցին ավելի քան 20 տիկնիկագործներ: Փառատոնը շարունակվեց համերգային ուրախ ծրագրով: Երևանի, նաև մարզերի տիկնիկային թատրոններ ու ստուդիաներ ցուցադրվեցին մանկական տիկնիկային ներկայացումներ:
 
Հուլիսի 9-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի գալահամերգը. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ, առաջին անգամ բեմում հանդես եկան փառատոնի «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգի լավագույն մասնակիցները:
 
Հուլիսի 11-ին Կարապի լճում կազմակերպվել է Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը։ Տոնական ծրագիրն ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով՝ Կարապի լիճը վերածելով ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի:
 
Օգոստոսի 15-ին «Կասկադ-Գաֆէսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում կազմակերպել է երգչախմբային արվեստի երեկո. «Քեզ, Երևան» խորագրով բազմաժանր երաժշտական ծրագրով հանդես է եկել Ֆրանսիայի «Գրենոբլ Գոսպել Սինգերս» երգչախումբը:
 
Օգոսոսի 30-ին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք բերված երաժշտական գործիքները հանդիսավորությամբ հանձնվել են հասցեատերերին:
Օգոստոսի 31-ին Կարապի լճում եզրափակիչ համերգային ծրագրով ամփոփվել «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրը։
 
Սեպտեմբերի 21-ին Երաժշտական և արվեստի դպրոցների սաները մասնակցել են ՀՀ Անկախության օրվան նվիրված «Անկակության սերունդ» միջոցառմանը:
Հոկտեմբերի 5-ին՝ Գրադարանավարի օրվան ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է ընդունելություն, որի ժամանակ մի շարք գրադարանավարներ պարգևատրվել են քաղաքապետի պատվոգրերով։
 
Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքում անցկացվեց «Էրեբունի Երևան 2798» տոնակատարությունը, որի ընթացքում իրականացվեց բազմաբովանդակ միջոցառումների շարք՝ «Երևան արևի քաղաք» խորագրով կավճանկարչություն, «Մեկ կտավ՝ Երևանին» թեմատիկ ուղղվածության կտավի բացօթյա ստեղծում-ցուցադրություն, Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքի նմուշների ցուցահանդես, փողային նվագախմբերի տոնական քայլերթ և այլն: Ամենուրեք իրականացվել են տարաբնույթ ֆլեշմոբներ, մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված հարթակներում անց են կացվել բազմաժանր համերգային ծրագրեր և միջոցառումներ:
 
Հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում անցկացվեց «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շարք, որի ժամանակ մայրաքաղաքի հեղինակավոր համերգասրահներում հանդես եկան ՌԴ-ից ժամանած հանրահայտ խմբեր և կատարողներ, կազմակերպվեցին բազմազան համաժողովներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ՝ միտված փորձի փոխանակմանը:
 
Նոյեմբերի 10-ին և 11-ին անցկացվեց «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» խորագրով միջոցառումների շարք, որի ժամանակ մայրաքաղաքի Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում հանդես եկավ ՌԴ-ից ժամանած «Բիս Կվիտ» խումբը, կազմակերպվեցին թեմատիկ ցուցահանդեսներ, համաժողովներ, կլոր սեղաններ՝ միտված փորձի փոխանակմանը։
Երևանի քաղաքապետն Ամանորին ընդառաջ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևանի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների հանրապետական և միջազգային օլիմպիադաների ու մրցույթների մրցանակակիր և դափնեկիր երեխաներին: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով:
 
Տարվա ընթացքում մայրաքաղաքում անցկացվեցին մի շարք միջազգային մշակութային միջոցառումներ՝ «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոն և այլն, որոնց կազմակերպմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։
 
 
Ուշադրություն

 
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության «Ընտանեկան գրադարանավար» ծրագրով նրանց սոցիալական ներառման, հասարակություն ինտեգրելու, գրադարանային-մատենագիտական սպասարկման ոլորտում հավասար պայմաններ ստեղծելու և հնարավորություններ ապահովելու նպատակով Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և մասնաճյուղերը իրականացնում են Երևանի հաշմանդամություն ունեցող անձանց գրադարանային- մատենագիտական սպասարկումը.
1. Գրքերի պատվիրումը՝ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով
2. Պատվիրված գրականությունն ընթերցողներին անվճար հասցնելը և վերադարձը
3. Անհրաժեշտ թեմատիկ մատենագիտական տեղեկույթի տրամադրում
4. Ներգրավում գրադարանի մշակութային ծրագրերում
5. Կրթության ու մասնագիտական որակների բարձրացման օժանդակում
6. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվություն տրամադրելու նպատակով, առանց այլ անձի օգնության, «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի տրամադրում գրադարաններում:
 
 
 
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 
մշակույթի և տուրիզմի վարչություն