ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մատենադարան

Մատենադարան

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, սակայն 1947-1953թթ. դադարեցվել էր։ 1953-ին շինարարությունը վերսկսվում է և 1959թ. ավարտվում: Նույն թվականին Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի և տեղակայվում նորակառույց շենքում: 1982-2008թթ. Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, 2008-2016թթ.՝  բանասիրական գիտությունների դոկտոր  Հրաչյա Թամրազյանը: 

Ներկայումս Մատենադարանը տնօրինում է պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։
 
Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակներում 2011թ. սեպտեմբերի 20-ին մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Մատենադարանի գիտական նոր համալիրը: Գիտական համալիրի առաջին հարկում է գտնվում գրադարանը, երկրորդում՝ ձեռագրապահոցն է՝ առանձին ընթերցասրահով, վերականգնողական բաժինը, մանրանկարիչների աշխատասենյակները և համակարգչային բաժինը, երրորդ հարկում ավելի քան 200 տեղանոց դահլիճն է՝ ապահովված տեսահամակարգով և միաժամանակյա թարգմանության համար նախատեսված խցիկներով։ Այս հարկում են արխիվը, ինչպես նաև վարչական կառավարման բաժինը և նոր համալիրը հին՝ կոթողային շենքին կապող մասնահատվածը։ Չորրոդ հարկում են գտնվում Մատենադարանի հիմնադիր տնօրեն՝ Լևոն Խաչիկյանի անունը կրող ընթերցասրահը, թվայնացման և կայքէջի սպասարկման բաժինը, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված ցուցասրահը։
 
 

Ավելի մանրամասն` www.matenadaran.am կայքում:

Վիրտուալ շրջագայություն Մատենադարանում

Հասցե` Մաշտոցի  53: Հեռ.`(+37410)56-25-78