Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

111-Ա 20.01.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ հ-11105 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված լսումներին մասնակվելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել են Արթուր Գրիգորյանը և նրա ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանը:
Ուսումնասիրելով Արթուր Գրիգորյանի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ հ-11105 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ հ-11105 դիմումով հայտնվել է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2055/05/14 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող, Արթուր Գրիգորյանին պատկանող կրպակի քանդման գործողությունը և խնդրել է, որպես վնասի փոխհատուցում իրեն վճարել 23.246.000 (քսաներեք միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ:
Հարուցված վարչական վարույթի լսումների ընթացքում դիմումատուի կողմից ներկայացվել է 7.208.000 ՀՀ դրամի վերաբերյալ իր պնդմամբ ելակետային ապացույց, այն է «Տիտան-Օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հաշվետություն` նմանատիպ գործով կատարված գնահատման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել է իր կողմից իրականացված 16.037.824 ՀՀ դրամի վնասի փոխհատուցման հաշվարկ, որի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղով սահմանված ամսական դրույքաչափը 55075 ՀՀ դրամ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Տվյալ դեպքում դիմումատուն կրելով իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը չի հիմնավորել իր կրած վնասի գումարի չափը, չի ներկայացրել դրա վերաբերյալ ապացույցներ: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված «Տիտան-Օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված հաշվետությանը, ապա այն չի կարող դիտարկվել որպես թույլատրելի և վերաբերելի ապացույց, քանի որ կազմված չէ որպես Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող, Արթուր Գրիգորյանին պատկանող կրպակի ապամոնտաժման հետևանքով կրած վնասի չափի հաշվարկման հաշվետվություն, այլ հանդիսանում է մեկ այլ կառուցապատողի կողմից մեկ այլ շինության կառուցման գնահատում, որը որևէ կապ չունի Արթուր Գրիգորյանին պատկանող վերը նշված շինության հետ:
Միաժամանակ վարչական վարույթի ընթացքում դիմումատուի կողմից չներկայացվեց որևէ ապացույց Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող, Արթուր Գրիգորյանին պատկանող կրպակում ձեռնարկատիրական գործունեություն իրականացված լինելու, ինչպես նաև այդ գործունեության ընթացքում ստացված եկամտի վերաբերյալ: Դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կարող էր հիմնավորել, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում առկա է Արթուր Գրիգորյանի համար բաց թողնված օգուտ:
Ուսումնասիրելով վարչական վարույթի ընթացքում դիմումատուի ներկայացրած հաշվարկը, պարզ է դառնում, որ այն չի կարող հանդիսանալ հիմք վերը նշված հանգամանքները հիմնավորելու համար, քանի որ այն չի արտացոլում այն հնարավոր եկամուտը, որը դիմումատուն կարող էր ակնկալել փաստացի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում, այլ կազմված է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի համար սահմանված ամսական դրույքաչափը հանդիսացող գումարը:
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի սահմանումն ինքնին չի ենթադրում և երաշխավորում, որ ցանկացած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հնարավոր է ստանալ նշված չափի եկամուտ, ուստի ձեռնարկատիրական գործունեության հնարավոր իրականացումը դեռևս հիմք չէ փաստելու, որ հենց այդքան գումար հնարավոր էր վաստակել:
Վերը նշված եզրահանգումը բխում է նաև քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես պատճառված վնաս է դիտարկում չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ): Այսինքն օրենսդրի կողմից, որպես չստացված եկամուտները հատուցելու պարտավորություն, դիտարկվում է այն գումարի չափը (եկամուտը), որը վնաս ստացած անձը կարող էր ստանալ իր աշխատանքի արդյունքում (չբացառելով, որ նման եկամուտ կարող էր չլինել, օրինակ՝ գործունեությունը իրականացվեր վնասով), եթե իր իրավունքը չխախտվեր, այլ ոչ թե այն գումարը որն անհրաժեշտ է նվազագույն սոցիալական պայմաններն ապահովելու համար: Իսկ տվյալ դեպքում հնարավոր եկամտի վերաբերյալ պատշաճ և վերաբերելի ապացույցներ ներկայացված չեն:
Հաշվի առնելով, Արթուր Գրիգորյանին պատճառված վնասը և այդ վնասի չափը հիմնավորող ապացույցների բացակայությունը, ինչպես նաև ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին՝ Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացված թիվ հ-11105 դիմումը՝ մերժել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ