Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

112-Ա 20.01.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հ.19/91570 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը:
Ուսումնասիրելով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հ.19/91570 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հ.19/91570 դիմումով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, հղում կատարելով թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 05.04.2016 թվականի որոշմանը, խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 09.11.2010 թվականին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը:
Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին Դմիտրի Անդրիասյանին, երկու տարի գործողության ժամկետով, տրվել է հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.9/2 և հ.9/13 հասցեներում հասարակական նշանակության շինության /սրահ/ կառուցման աշխատանքների կատարման համար:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 9-ի հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության տրման համար հիմք են հանդիսացել 2010 թվականի հոկտեմբերի 1-ին տրված հ.01/18-07/1-Ա-2514-491 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 2010 թվականի նոյեմբերի 9-ին համաձայնեցված հ.01/50-05/1-Ա-3765-678 կառուցման նախագիծը, ինչպես նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2009 թվականի մարտի 17-ի հ.2578492 և 2010 թվականի ապրիլի 9-ի հ.2672411 վկայականները:
Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը վարույթի լսումների ընթացքում հստակեցրել է, որ Երևանի քաղաքապետի կողմից 09.11.2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել այն ուժը կորցրած ճանաչելու եղանակով, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները, ինչից հետևում է, որ նշված շինարարության թույլտվությունը ենթակա է ուժը կորցրած ճանաչման, որպես նշված որոշումների անվավերության հետևանք:
Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանն անդրադառնալով 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության գործողության ժամկետը լրացած լինելու պարագայում այն ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերին, նշել է, որ թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով դատական ակտի կայացմամբ պայմանավորված՝ տվյալ վարչական ակտի անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա գործողությունը ժամանակի և տարածության մեջ համարվել է դադարեցված:
Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը նաև պարզաբանել է, որ թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով հայցը հարուցվել է 2011 թվականի ապրիլի 12-ին, որից սկսված 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության ժամկետը համարվել է կասեցված մինչև գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելու պահը, այն է՝ 2016 թվականի ապրիլի 5-ը: Արդյունքում ստացվում է, որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության գործողության 2 տարի ժամկետի հոսքը վերսկսվել է 2016 թվականի ապրիլի 5-ին և գործել է մոտավորապես մինչև 05.11.2017 թվականը, որից հետո, ըստ էության, Դմիտրի Անդրեասյանը չէր կարող շինարարություն իրականացնել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դատական ակտի ուժով վերացված լինելու հիմքով:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի՝ թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները, որպես հետևանք՝ անվավեր են ճանաչվել նաև 2009 թվականի մարտի 13-ի և 2010 թվականի ապրիլի 6-ի ուղղակի վաճառքի պայմանագրերն ու Երևանի Րա‎ֆֆու փողոցի հ.19/3 և հ.9/2 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ 2009 թվականի մարտի 17-ի և 2010 թվականի ապրիլի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումները։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած: Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա. բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ. մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործը 2011 թվականի ապրիլի 12-ին հարուցելու պահից 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության երկու տարվա գործողությամբ ժամկետը համարվել է կասեցված մինչև թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով վերջնական դատական ակտը 2016 թվականի ապրիլի 5-ին ուժի մեջ մտնելու պահը, և որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության գործողության երկու տարվա ժամկետի հոսքը վերսկսվել է 2016 թվականի ապրիլի 5-ին և 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հ.19/91570 դիմումի ներկայացման պահին արդեն իսկ երկու տարվա գործողության ժամկետը լրացած է եղել, ինչով պայմանավորված 2011 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունն արդեն իսկ համարվում է ուժը կորցրած, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 76-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հ.19/91570 դիմումը՝ մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ