Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

113-Ա 20.01.2020թ.

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի հ.19/98841 բողոքի, 2019 թվականի հոկտեմբերի 17-ի հ.19/100846 բողոքի լրացման, 2019 թվականի նոյեմբերի 11-ի հ.19/110357 գրության հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 27-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը:
Ուսումնասիրելով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի հ.19/98841 բողոքը, 2019 թվականի հոկտեմբերի 17-ի հ.19/100846 բողոքի լրացումը, 2019 թվականի նոյեմբերի 11-ի հ.19/110357 դիմումը, գնահատելով դրանց կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի հոկտեմբերի 11-ի հ.19/98841 բողոքով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2019 թվականի հոկտեմբերի 7-ի հ.28.0.02/22864-19 գրությունը, խնդրել է ամբողջությամբ վերացնել Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը:
Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշմամբ մերժվել են անվավեր գործարքների հետևանքներ կիրառելու և վնասի հատուցում տրամադրելու մասին Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի ապրիլի 22-ի հ.19/34212, 2019 թվականի մայիսի 27-ի հ.19/46490 և 2019 թվականի հունիսի 27-ի հ.19/58321 դիմումները:
Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը վերացնելու պահանջը Արմեն Հակոբյանը հիմնավորել է նրանով, որ նշված որոշմամբ դիմումի մերժման հիմքը հանդիսացել է այն հանգամանքը, որ Երևան համայնքը չի հանդիսանում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի հ.02/09.6/45560-19 գրությամբ հայտնվել է, որ քննարկվող հարցի վերաբերյալ իրավական ակտերով հստակ նախատեսված չեն իրավահաջորդության վերաբերյալ դրույթներ, հետևաբար, այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի ներկայիս աշխատակազմը հանդիսանում է նախորդ աշխատակազմի իրավահաջորդը, հիմնվում է միայն ենթադրության վրա:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2019 թվականի հոկտեմբերի 7-ի հ.28.0.02/22864-19 գրությամբ հայտնվել է, որ Դմիտրի Անդրիասյանի կողմից ընդհանուր հաշվով վճարված 3.432.064 ՀՀ դրամ գումարը վերջինիս վերադարձնելու հետ կապված հարցերին միջամտելու իրավասություն արդարադատության նախարարությունը չունի:
2019 թվականի հոկտեմբերի 11-ի հ.19/98841 բողոքի քննության կապակցությամբ լսումների ընթացքում Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը նշել է, որ անկախ իրավահաջորդության հանգամանքից, 586.975 ՀՀ դրամ գումարը ենթակա է վերադարձման Երևան համայնքի կողմից, քանի որ այն վճարվել է Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշման հիման վրա: Միևնույն հիմքով ենթակա է վերադարձման 250.000 ՀՀ դրամ գումարը, որպես 2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության համար վճարված գումար:
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի նոյեմբերի 7-ի հ.19/110357 գրությամբ Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումի կապակցությամբ պատասխան չի ստացվել և ներկայացվել է բողոք, խնդրել է տրամադրել վերջնական որոշումը: Նշված պահանջը ներկայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի հիմքով, քանի որ ըստ ներկայացված ապացույցների՝ հայցվող պահանջը իրավաչափ է:
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշմամբ` Րաֆֆու փողոցի հ.9/2 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 18.7քմ մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական և դրա համար առանձնացված 308.07քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի եղանակով որոշվել է օտարել կառույցն իրականացնող անձ՝ Դմիտրի Անդրիասյանին։
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշման հիմքով` Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքվել և նոտարի կողմից սեղանամատյանի հ.1416 համարով հաստատվել է «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» հ.95-1074-Ա պայմանագիրը, որով Դմիտրի Անդրիասյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Րաֆֆու փողոցի հ.9/2 հասցեում գտնվող 18.7քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 308.07քմ մակերեսով հողամասը։ Նշված պայմանագրի գինը կազմել է 1.831.289 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքված հ.95-1074-Ա պայմանագրից ծագող՝ Դմիտրի Անդրիասյանի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, ի հավաստումն որոնց՝ 2009 թվականի մարտի 17-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հ.2578492 վկայականը:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշմամբ Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեում գտնվող 7.0քմ մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական և դրա համար առանձնացված 93.54քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի եղանակով որոշվել է օտարել կառույցն իրականացնող անձ՝ Դմիտրի Անդրիասյանին։
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշման հիմքով Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքվել և նոտարի կողմից սեղանամատյանի հ.1677 համարով հաստատվել է «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» հ.106-869-Ա պայմանագիրը, որով Դմիտրի Անդրիասյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեում գտնվող 7.0քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 93.54քմ մակերեսով հողամասը։ Նշված պայմանագրի գինը կազմել է 586.975 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքված հ.106-869-Ա պայմանագրից ծագող՝ Դմիտրի Անդրիասյանի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, ի հավաստումն որոնց՝ 2010 թվականի ապրիլի 9-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հ.2672411 վկայականը:
Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին Դմիտրի Անդրիասյանին տրվել է հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը` Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.9/2 և հ.9/13 հասցեներում հասարակական նշանակության շինության /սրահ/ կառուցման աշխատանքների կատարման համար:
2009 թվականի մայիսի 8-ի հ.011579 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Դմիտրի Անդրիասյանի կողմից գանձապետական բաժանմունքի թիվ 2 ՏԳԲ վճարվել է 250.000 ՀՀ դրամ՝ շինարարության թույլտվության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները, որպես հետևանք անվավեր են ճանաչվել նաև 2009 թվականի մարտի 13-ի և 2010 թվականի ապրիլի 6-ի ուղղակի վաճառքի պայմանագրերն ու Երևանի Րա‎ֆֆու փողոցի հ.19/3 և հ.9/2 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ 2009 թվականի մարտի 17-ի և 2010 թվականի ապրիլի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումները։
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի մայիսի 15-ի հ.ԱՏ-13/05/2019-1-0552 տեղեկանքով տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ համաձայն ք.Երևան, Րաֆֆու փողոցի հ.9/2 և ք.Երևան, Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեներով անշարժ գույքերի կադաստրային գործերի տվյալների՝ Դմիտրի Աշոտի Անդրիասյանի անվամբ 2009 թվականի մարտի 17-ին և 2010 թվականի ապրիլի 9-ին կատարված իրավունքների պետական գրանցման դադարեցում չի կատարվել:
Լսումների ընթացքում Արմեն Հակոբյանը, ի լրումն ներկայացվածի, հայտնել է, որ խնդրո առարկա հողամասերի նկատմամբ պետական գրանցման ենթարկված սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում է ներկայացվել կադաստրի կոմիտե, որից դեռևս պատասխան չի ստացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 ապրիլի 30-ի հ.465-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 13-ի ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» հ.1788-Ն որոշումը։ Նշված որոշման հիման վրա «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 2009 թվականի օգոստոսի 25-ին հանվել է հաշվառումից։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկների հիմնադիր հանդես է գալիս ՀՀ կառավարությունը։ Նշված օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ հիմնադիրը ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Գործունեությունը դադարեցրած հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարության:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է: Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 108-րդ հոդվածի
3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն` ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին։ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը։
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշման և Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքված հ.95-1074-Ա պայմանագրի անվավերության հիմքով 1.831.289 ՀՀ դրամ գումարը, որպես անվավեր գործարքի հետևանք, քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերադարձնելու պահանջը մերժելու մասով Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը վերացնելու պահանջն անհիմն է, քանի որ, բացի այն հանգամանքից, որ նշված պայմանագրի հիմքով կատարված իրավունքի գրանցումը դադարեցված չէ, այլև նշված որոշումը կայացվել, իսկ դրա հիմքով պայմանագիրը կնքվել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության օրոք պաշտոնավարած և մարզպետի կարգավիճակ ունեցած Երևանի քաղաքապետի կողմից, հետևաբար տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող Երևանի քաղաքապետը չի կրում իր իրավանախորդը չհանդիսացող սուբյեկտի մասնակցությամբ կնքված պայմանագրի անվավերության հետևանքները:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշման և Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքված հ.106-869-Ա պայմանագրի անվավերության հիմքով 586.975 ՀՀ դրամ գումարը, որպես անվավեր գործարքի հետևանք, քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերադարձնելու պահանջը մերժելու մասով Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը վերացնելու պահանջն անհիմն է, քանի որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի մայիսի 15-ի հ.ԱՏ-13/05/2019-1-0552 տեղեկանքով և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մայիսի 30-ի հ.ԱՄ/4007-19 գրությամբ ապացուցվում է այն հանգամանքը, որ նշված պայմանագրի հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը դադարեցված չէ և պայմանագրի առարկա հողամասը Երևան համայնքին վերադարձված չէ:
Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության համար վճարված 250.000 ՀՀ դրամ գումարը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մայիսի 6-ին կնքված հ.ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագրի հիման վրա վճարված 642.700 ՀՀ դրամ գումարը, «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերությանը վճարված 56.100 ՀՀ դրամ գումարը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարված 41.900 ՀՀ դրամ գումարը, 2009 թվականի մայիսի 8-ի հ.66-09 փորձաքննության եզրակացության համար վճարված 45.000 ՀՀ դրամ գումարը, 2009 թվականի ապրիլի 28-ի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը և 2010 թվականի սեպտեմբերի 10-ի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը, որպես Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումների անվավերության և Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության հետևանքով կրած վնաս փոխհատուցելու պահանջը մերժելու մասով Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը վերացնելու պահանջն անհիմն է, քանի որ նախ չի ներկայացվել 642.700 ՀՀ դրամ և երկուական 10.000 ՀՀ դրամ գումարները վճարված լինելու մասին ապացույց, ինչից հետևում է, որ չի ապացուցվել այդ գումարների չափով վնաս կրելու հանգամանքը, ապա նաև այն հիմնավորմամբ, որ 56.100 ՀՀ դրամ, 41.900 ՀՀ դրամ և 45.000 ՀՀ դրամ գումարները վճարվել են այլ սուբյեկտների հետ կնքված գործարքի արդյունքում, որոնց Երևան համայնքը մասնակից չի եղել, իսկ 250.000 ՀՀ դրամ գումարը չի հանդիսանում վնաս, քանի որ Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը վարչական կամ դատական կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, ինչից հետևում է, որ չի ապացուցվել Երևան համայնքի ոչ իրավաչափ գործողությամբ կամ անգործությամբ դիմողին վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաև չի ապացուցվել Երևան համայնքի գործողությունների /անգործության/ և դիմողի կրած հնարավոր վնասների միջև պատճառահետևանքային կապը:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ թիվ 63202813 քրեական գործով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ.Մուրադյանի կողմից 2015 թվականի հունիսի 25-ին կայացված «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ հիմնավորվել է հետևյալը. «Դմիտրի Անդրիասյանը Րաֆֆու 19/3 և 9/2 հասցեներում ինքնակամ կառուցված շինություններ չի ունեցել և ուղղակի եղանակով գնման նախապատվության իրավունքով օժտված չի եղել։ Բացի այդ, Րաֆֆու 19/3 և 9/2 հասցեների հողամասերը հանդիսանում են ընդհանուր օգտագործման գազոններ, նշված տարածքով է անցնում ամբողջ թաղամասը սնուցող ջրագիծը, որպիսի պայմաններում նշված հողամասերը արդեն ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ և այն ենթակա չեն օտարման»։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0167/11/15 գործով 2015 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարը իրավացիորեն փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով որակված՝ վիճարկվող որոշմամբ պարզված ենթադրալ հանցագործությունները ենթադրաբար կատարվել են համապատասխան անձանց կողմից իրենց պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց միանգամյա չկատարմամբ կամ ոչ պատշաճ կատարմամբ, որի հետևանքով Րաֆֆու փողոցի 19/3 և 9/2 հասցեներում գտնվող հողամասերի վերաբերյալ տրվել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ պարունակող եզրակացություն, որն էլ հիմք է հանդիսացել նշված հողամասերն օտարելու համար՝ դրա օրենքով սահմանված անհնարինության պայմաններում։…»։
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումներն ընդունվել են կեղծ տվյալների հիման վրա, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հիմք է հանդիսանում այդ ակտերն անվավեր ճանաչելու համար։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված է համարվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները կեղծ տվյալների հիման վրա ընդունված լինելու հանգամանքը, հետևաբար Դմիտրի Անդրեասյանը իրավունք չի ունեցել վստահելու ինչպես այդ ակտերին, այնպես էլ դրանց արդյունքում ձեռբերված՝ սեփականության իրավունքի պետական գրանցման ակտերին և Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին տրված
հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությանը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման խնդրին՝ թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա. անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ. վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի դրույթներից հետևում է, որ Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի հիմքով բարենպաստ վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, քանի որ անվավեր գործարքների հետևանքներ կիրառելու և վնասի հատուցում տրամադրելու պահանջի բավարարման հիմքեր առկա չեն, իսկ առանց իրավական հիմքերի պահանջը բավարարելու պարագայում անձին տրամադրվող՝ անվավեր գործարքի հետևանքներ կիրառելու կապակցությամբ և վնասի հատուցում տրամադրելուն ուղղված իրավունքը կլինի ակնհայտ ոչ իրավաչափ, ուստի քննարկվող պարագայում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը կիրառելի չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝
ա) oրենքի խախտմամբ, այդ թվում՝ oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաuտաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաuտաթղթերից ակնհայտ է, որ ըuտ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
գ) շահերի բախման իրավիճակում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի հ.2860-Ա որոշումը կայացվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և այն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, իսկ անվավեր գործարքների հետևանքներ կիրառելու և վնասի հատուցում տրամադրելու պահանջի ենթադրյալ բավարարումը Դմիտրի Անդրիասյանին տրամադրելու է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 304-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ, 48-րդ, 62-րդ, 63-րդ, 75-րդ հոդվածներով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 76-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի հ.19/98841 բողոքը, 2019 թվականի հոկտեմբերի 17-ի հ.19/100846 բողոքի լրացումը, 2019 թվականի նոյեմբերի 11-ի հ.19/110357 գրությունը՝ մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ