ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1166-Ա 25.03.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի
Հ.01/18-Պ-170-144 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌ ՈՉԻՆՉ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացած փաստերը.
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2015 թվականի փետրվարի 6-ին տրված թիվ ԵԱԴԴ/0252/02/15 կատարողական թերթի հիման վրա ՀՀ հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում 2015 թվականի մարտի 23-ին հարուցվել է թիվ 01/06-1846/15 կատարողական վարույթը, որով արգելանք է դրվել Մարինե Պետրոսյանին պատկանող՝ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի թիվ 43/21 հասցեում գտնվող 225.8քմ մակերեսով հողամասի վրա:
Երևանի քաղաքապետի կողմից 2020 թվականի փետրվարի 7-ին Մարինա Պետրոսյանին տրամադրվել է թիվ 01/18-Պ-170-114 շինարարության թույլտվությունը ք.Երևան, Լուկաշինի փողոցի թիվ 43/21 հասցեում գտնվող 225.8քմ մակերեսով հողամասի պարսպապատման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Էմմա Հունանյանի ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, Երևանի քաղաքապետին ուղղված 2020 թվականի փետրվարի 27-ի թիվ Կ-695 դիմումով խնդրել է վերացնել Մարինա Պետրոսյանին տրամադրված թիվ 01/18-Պ-170-114 շինարարության թույլտվությունը:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը:
Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Էմմա Հունանյանի ներկայացուցչի թիվ Կ-695 դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 37-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 62-րդ հոդվածի 4-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ, 49-րդ, 52-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով թիվ 01/06-1846/15 կատարողական վարույթով Մարինա Պետրոսյանին Լուկաշինի փողոցի թիվ 43/21 հասցեում գտնվող 225.8քմ մակերեսով հողամասը տնօրինելն արգելված լինելու հանգամանքը.
ՈՐՈՇԵՑԻ
1.Էմմա Հունանյանի ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանի՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 01/18-Պ-170-114 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2019 թվականի փետրվարի 27-ի թիվ Կ-695 դիմումը բավարարել:
2. Առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 01/18-Պ-170-114 շինարարության թույլտվությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4.Որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանա-տվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ