Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1284-Ա 19.04.2019թ.

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Վիգեն Մկրտչյանի 2019 թվականի մարտի 20–ի թիվ Մ-3032 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի ապրիլի 10-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Վիգեն Մկրտչյանը:
Ուսումնասիրելով Վիգեն Մկրտչյանի 2019 թվականի մարտի 20-ի թիվ Մ-3032 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Վիգեն Մկրտչյանի 07.03.2019 թվականի Երևանի քաղաապետին ուղղված թիվ Մ-2515 դիմումի՝ 2019 թվականի մարտի 7-ին Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհի երթևեկելի հատվածում առկա փոսն ընկնելու հետևանքով վնասվել են ավտոմեքենայի անվադողերն ու անվահեծը, ինչով պայմանավորված՝ Վիգեն Մկրտչյանը խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:
Համաձայն 2017 թվականի հուլիսի 6-ին տրված հ.01BB276590 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Վիգեն Մկրտչյանի սեփականությունը:
Լսումների ընթացքում Վիգեն Մկրտչյանը հայտնեց, որ դեպքը տեղի ունենալու պահին փողոցում լուսավորություն չի եղել և հնարավորություն չի ունեցել կանխել տեղի ունեցած պատահարը:
Դիմումատուի կողմից չի ներկայացվել 2019 թվականի մարտի 7-ին տեղի ունեցած պատահարը կանխելու նպատակով վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելու, ինչպես նաև վարորդի կողմից պատահարը կանխելու անհնարինությունը հիմնավորող ապացույցներ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետով սահմանված է, որ վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ 1.Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն բաժնի դրույթներին համապատասխան: Իսկ 2-րդ ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`
ա. Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված վարչական մարմինների դեպքում.
բ. համապատասխան համայնքը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված վարչական մարմինների դեպքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ և 67-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Վիգեն Մկրտչյանի 2019 թվականի մարտի 20-ի թիվ Մ-3032 դիմումը մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ