Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

184-Ա 23.01.2020թ.


ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Վլադիմիր Մնացականյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Խաժակ Մաթևոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ.19/127340 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունվարի 16-ին, ժամը 16:00-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Վլադիմիր Մնացականյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Խաժակ Մաթևոսյանը /փոստային ծանուցման ստացման մասին հավաստագիր թիվ AG019891088AM/, սակայն վերջինս լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով Վլադիմիր Մնացականյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Խաժակ Մաթևոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ.19/127340 դիմումը, գնահատելով դիմումին կից և ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վլադիմիր Մնացականյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Խաժակ Մաթևոսյանը 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացված դիմումով պահանջել է փոխհատուցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Եր.Քոչարի փողոցով անցնելիս, չորացած ծառի ճյուղը «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով պատճառված վնասը, որը կազմում է 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Ըստ 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ.19/127340 դիմումում նշված փաստերի՝ չորացած ծառի ճյուղն ընկել է «Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կողմից սանիտարական էտի աշխատանքներ կատարելու ժամանակ:
2019 թվականի մայիսի 7-ի թիվ PB185393 վկայագրի համաձայն՝ «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Վլադիմիր Մնացականյանի սեփականությունը:
Դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ ծառի ճյուղի տապալման և «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, վնասը Երևան համայնքի մեղքով պատճառված լինելու հանգամանքը, ինչպես նաև վնասի չափը հիմնավորող ապացույցներ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունք խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել ծառի ճյուղի տապալման և «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը, վնասը Երևան համայնքի մեղքով պատճառված լինելու հանգամանքը, ինչպես նաև վնասի չափը հիմնավորող ապացույցներ և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին՝ Վլադիմիր Մնացականյանի ներկայացուցիչ փաստաբան Խաժակ Մաթևոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ.19/127340 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ