Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2048-Ա 20.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 751-Ա ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ
ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
2017 թվականի մարտի 13-ի N751-Ա որոշմամբ` Մանուկ Պետրչիկյանին վարձակալության իրավունքով տրամադրվել է 651.83 քմ մակերեսով հողատարածք, որից` 476.38քմ սրճարան, սակայն որոշումից բխող իրավունքը պետական գրանցում չի ստացել: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 13-ի N 751-Ա որոշման գործողությունը դադարեցնելու, ապօրինի հողօգտագործումը վերացնելու, տարածքում առկա ինքնակամ շինությունները քանդելու վերաբերյալ: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 30.04.2019 թվականին ժամը՝ 11:00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին Մանուկ Պետրչիկյանը, նրա լիազորված անձ Գուրգեն Գրիգորյանը և «Գոլդեն լոտոս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խալաթյանը չեն ներկայացել, նշված անձանց պատշաճ ծանուցումները հաստատվում են փոստային հետադարձ կտրոններով: Սույն գործով վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և բավարար ապացույցներ, հետևաբար վարչական վարույթով նոր լսումներ նշանակելու և վարչական վարույթի մասնակիցներին լսելու անհրաժեշտություն չի առաջանում:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վերոնշյալ ինքնակամ շինության` առանց համապատասխան շինարարության թույլտվության կառուցված լինելու և առանց համապատասխան հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստաված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝ դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 13-ի «Իսահակյան փողոցի հ.3/1 հասցեում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և Մանուկ Պետրչիկյանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N751-Ա որոշումը:
2. Չօրինականացնել Իսահակյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված շինությունը։
3. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ քանդել Իսահակյան փողոցի հ.3/1 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 651.83քմ մակերեսով հողամասը:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանության ծառայության պետերին՝ օժանդակել սույն որոշման 2-րդ կետում նշված քանդման աշխատանքներին:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ