Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2059-Ա 09.07.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ՆԵՐՔԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.44 ՀԱՍՑԵԻ ԴԻՄԱՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ (ՊԱՐԻՍՊ) ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Շենգավիթ վարչական շրջանի, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց, քաղաքացի Անանիա Վարդանյանի կողմից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, կառուցվել է քարե շինություն (պարիսպ), որի կապակցությամբ՝ հաշվի առնելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի պահանջները, Մամիկոն Հովհաննիսյանի դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ կողմերին պատշաճ ծանուցելով 17.09.2019թ. Երևանի քաղաքապետարանում կազմակերպված լսումներին: Նշված քննարկումներին ու լսումներին ներկայացել է Անանիա Վարդանյանը, որը հայտնել է իր դիրքորոշումն այն մասին, որ հիշյալ պարիսպը կառուցված է վաղուց, օգտագործվում է իր կողմից և պատրաստ է այն օրինականացնել, իսկ քաղաքացի Մամիկոն Հովհաննիսյանը նշված լսումներին չի ներկայացել, բայց հեռախոսազանգով հայտնել է իր մտահոգությունն այն մասին, որ հիշյալ պարսպի շահագործման հետևանքով նեղացել է միջբակային ճանապարհը և անհնար է դարձրել ավտոմեքենաների՝ այդ թվում բուժօգնության և ԱԻՆ մեքենաների մուտքն ու ելքը:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց՝ քաղաքացի Անանիա Վարդանյանի կողմից, ինքնակամ շինության (պարիսպ) կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք.
բ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 14.10.2019թ. հ.18-06/1171, 23.01.2020թ. հ.18-06/64 և 04.05.2020թ. հ.18-06/452 գրություններով տրված մասնագիտական եզրակացությունների համաձայն՝ քննարկվող շինությունը (պարիսպ) ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման շրջանակում ենթակա չէ օրինականացման, քանի որ հիշյալ որոշման կարգավորման առարկա կարող են դիտարկվել՝ բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակությամբ շինությունները, իսկ պարիսպը՝ տվյալ պարագայում, նպատակային նշանակությունը չպարզած շինություն է հանդիսանում.
գ. վերոնշյալ ինքնակամ շինությամբ փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամաս, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինությունից:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 22.10.2019 թվականի հ.19/Ծ-224 գրությամբ, որը քաղաքացի Անանիա Վարդանյանը ստացել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, առաջարկվել է վերջինիս` 5-օրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ ապամոնտաժել Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինությունը (պարիսպ) ու ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
Լրացուցիչ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ առաջարկված ժամկետում քաղաքացի Անանիա Վարդանյանի կողմից ինքնակամ շինությունը չի քանդվել, քանի որ վերջինիս պնդմամբ պարսպի վրայով անցնող գազամատակարար խողովակը խոչնդոտում է դրան։
Ելնելով վերոգրյալից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինու-թյան և հողի վերահսկողության վարչության պետի կողմից 04.11.2019թ. գրություն է ուղարկվել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ի <<Երևանի ԳԳՄ>> տնօրենին՝ նշված գազամա-տակարար խողովակի տեղափոխման համար, որը վերջիններիս նախաձեռնությամբ վերատեղադրվել է և Անանիա Վարդանյանին հրավիրելով Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացվել է դրա մասին, սակայն վերջինս որևէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ շինության (պարիսպ) քանդման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ նշված կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նշված կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Չօրինականացնել Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց, քաղաքացի Անանիա Վարդանյանի կողմից` առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունը (պարիսպ):
2. Հանձնարարել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինությունը (պարիսպ):
3.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի վրա:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.44 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինության (պարիսպ) քանդման ընթացքում՝ համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
5.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ