Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

242-Ա 07.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻ 9-ՐԴ ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ԳՏՆՎՈՂ 3700.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ




Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերգեյ Հովհաննիսյանի դիմումը` Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում գտնվող 3700.0քմ /հողամասի/ վարելահողի հիմքերը վերականգնելու և սահմանների ճշտված հատակագիծ թողարկելու մասին:
Երևանի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում գտնվող 3700.0քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Սերգեյ Հովհաննիսյանին 1992թ. տրամադրվել է հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայական: ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.07.2018թ. գործ թիվ Եդ/0323/02/18 վճռով հաստատվել է, որ հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականը պատկանում է Սերգեյ Հովհաննիսյանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2017թ. հ.18-06/1-Հ-8126 գրության համաձայն՝ Սերգեյ Հովհաննիսյանի կողմից Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում փաստացի օգտագործվում է 3700.0քմ մակերեսով հողամաս /փաստաթղթերով 3700.0քմ/: Քննարկվող հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
ՀՀ նախարարների խորհրդի 13.06.1991թ. հ.398 որոշման /ուժը կորցրել է 25.12.1997թ./ 2-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:
ՀՀ նախարարների խորհրդի 05.03.1991թ. հ.164 որոշման /ուժը կորցրել է 01.03.1998թ./ 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` մինչև հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնումը պատգամավորների համապատասխան տեղական /գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային/ խորհուրդների գործադիր կոմիտեները հողի սեփականատերերին կամ օգտագործողներին տալիս են ժամանակավոր վկայականներ:
ՀՀ կառավարության 31.12.1998թ. հ.867 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը,…:
ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքները, դրանց սահմանափակումները, ներառյալ` սերվիտուտները, ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:
ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն`
…4. Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
1. Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը /քարտեզը/ է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին նկարահանման /հանութագրման/ պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի իրավիճակը և սահմանները:
…3. Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվում են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Հողամասի հատակագիծն ու նկարագրությունը կազմում և նրա սահմանները տեղանքում ամրացնում են լիազորված պետական մարմինը կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք:
Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է:
ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Պետության և համայնքների սեփականություն համարվող հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված հողամասերի նկատմամբ իրավունքները կարող են սահմանափակվել`
…5/ …կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով.
…10/հողամասի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով.
...14) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:
ՀՀ կառավարության 12.04.2001թ. հ.286 որոշման 3-րդ կետի համաձայն`
…ը) այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.
Ղեկավարվելով վերոգրյալ, փաստական և իրավական հիմքերով.
1. Սահմանել, որ Սերգեյ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում գտնվող հողամասի /վարելահող/ մակերեսը կազմում 3700.0քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Սերգեյ Հովհաննիսյանին պատկանող սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ կիրառել հետևյալ սահմանափակումները`
1) տվյալ հողամասում բացառել կառուցապատման իրավունքը` որևէ շենքի կամ շինության կառուցումը, որևէ այլ շինարարական աշխատանքների իրականացումը` անկախ դրա մակերեսից, նպատակային և գործառական նշանակությունից.
2) նշված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես որպես վարելահող:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ