Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2745-Ա 07.09.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Մայիս Ավագյանի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ
Ա-5209 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Ուսումնասիրելով Մայիս Ավագյանի 2020 թվականի մայիսի 27-ի թիվ Ա-4575 և 2020 հունիսի 12-ի թիվ Ա-5209 դիմումները, գնահատելով դիմումներին կից և վարչական վարույթի ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները` վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Մայիս Ավագյանի 2020 թվականի մայիսի 27-ի թիվ Ա-4575 և 2020 թվականի հունիսի 12-ի թիվ Ա-5209 դիմումներում նշված փաստերի համաձայն՝ 2020 թվականի մայիսի 10-ին Երևան քաղաքի Հալաբյան-Մարգարյան փողոցների հատման մասով երթևեկելիս իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան վնասվել է:
Մայիս Ավագյանը, հիմք ընդունելով «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 11-ին տրված թիվ Գ-20/021 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենային պատճառված վնասը:
Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման հ.01BB563922 վկայականի և 2018 թվականի փետրվարի 22-ին տրված հ.KB563934 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համաձայն՝ 35QO920 հաշվառման համարանիշով «NISSAN TIDA 1.5» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Մայիս Ավագյանի սեփականությունը:
2020 թվականի մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հ.8337 արձանագրությունը, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեման /գծագիրը/, համաձայն որոնց՝ պատահարի մասնակից՝ Հովհաննես Ավագյանը եղել է սթափ վիճակում, պատահարի պահին ճանապարհը եղել է թաց, եղանակը՝ ցերեկային մառախլապատ և անձրևային, իսկ պատահարի տարածքում առկա է եղել ջրագծի փոս:
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 6-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ
Գ-20/021 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «NISSAN TIDA 1.5» մակնիշի, 35QO920 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2020 թվականի հունիսի 11-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվում է 131.000 /մեկ հարյուր երեսունմեկ հազար/ ՀՀ դրամ:
Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման մասին 2020 թվականի հունիսի 11-ին տրված թիվ Բ6634337075 հարկային հաշվի համաձայն՝ ««NISSAN TIDA 1.5» մակնիշի, 35QO920 հ/հ տրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման» ծառայության մատուցման համար Մայիս Ավագյանի կողմից վճարվել է 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ գումար:
Հովհաննես Ավագյանին ուղղված՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի մայիսի 25-ի հ.ՄՇ/7988 գրությամբ հայտնվել է հետևյալը. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Երևան քաղաքի Հալաբյան փողոցում շինարարական աշխատանքներ չի իրականացնում: Նշված աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրակված կապալառու կազմակերպության կողմից. անց է կացվում ոռոգման համակարգ:»:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանա-ռության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա. անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ. վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Մայիս Ավագյանի ներկայացուցիչ Հովհաննես Ավագյանի կողմից վարույթի լսումների ընթացքում տրված բանավոր բացատրության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության նախազգուշացնող նշանների բացակայության պատճառով, իսկ պատահարի տեղում առկա են եղել ավտոմեքենաների երթևեկության 2-րդ շարքի մեջ գտնվող մոտ երկու մետր լայնքով և մոտ երեք կանգառի երկարությամբ ձգվող մի շարք փոսեր, ինչի ապացուցման նպատակով ներկայացվել է թվով հինգ լուսանկար:
Հաշվի առնելով «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 6-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-20/021 եզրակացությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «NISSAN TIDA 1.5» մակնիշի, 35QO920 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջացել են Երևան քաղաքի Հալաբյան փողոցի երթևեկելի հատվածում ճանապարհի ասֆալտապատ շերտը քանդված լինելու պատճառով, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1071.1-րդ հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Մայիս Ավագյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2020 թվականի հունիսի
12-ի թիվ Ա-5209 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 6-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման
թիվ Գ-20/021 եզրակացության համաձայն՝ «NISSAN TIDA 1.5» մակնիշի, 35QO920 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով, այդ ավտոմեքենայի /գույքի/ վնասի չափը կազմող 131.000 /մեկ հարյուր երեսունմեկ հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես պատճառված վնաս և 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որպես վնասի չափը որոշելու նպատակով պատվիրված ծառայության դիմաց վճարված գումար, փոխհատուցել Մայիս Ավագյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ