Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2935-Ա 15.08.2019թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ 

ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խաչիկ Սարաջյանի լիազորված անձ Մելսիկ Աղաջանյանի դիմումը՝ Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեում, սեփականության իրավունքով Խաչիկ Սարաջյանին պատկանող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.01.2005թ. հ.1551266 վկայական) հողամասի սահմանները վերաճշտելու, հողօգտագործման իրավունքը վերաձևակերպելու և ավելի տնօրինվող հողամասն սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շինության փաստացի հողամասի /ամբողջությամբ պարսպապատ/ մակերեսը կազմում է ընդհանուր՝ 2409.57քմ, վկայականում ամրագրված՝ 2220.0քմ մակերեսի փոխարեն:
Ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 189.57քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է՝ օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային (գործառնական) նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության /ծածկագիր՝ 01-005-339-015/:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, համապատասխանում է նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.03.2019թ. հ.18-06/1-Ա-1726 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեի հողամասը կազմում է 2220քմ, համայնքային սեփականություն հանդիսացող Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեի հողամասին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 189.57 քմ:
2. Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեի 2220քմ և կից գտնվող 189.57 քմ հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
3. ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեի՝ 2220.0քմ + 189.57 քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել հասարակական կառուցապատման:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված 189.57քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Նոր Արեշ, 20-րդ փողոց հ.2/1>> հասցեն:
5. Նոր Արեշի 20-րդ փողոցի հ.2 հասցեին կից՝ 189.57 քմ հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Խաչիկ Սարաջյանին` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1 319 407 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ