Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3297-Ա 11.09.2019թ.


ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Ալինա Շարյանի 2019 թվականի հուլիսի 10–ի թիվ Շ-959 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Ալինա Շարյանը:
Ուսումնասիրելով Ալինա Շարյանի 2019 թվականի հուլիսի 10–ի թիվ Շ-959 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Ալինա Շարյանի 2019 թվականի հուլիսի 10–ի թիվ Շ-959 դիմումի՝ 2019 թվականի հուլիսի 9-ին Սայաթ-Նովայի պողոտայի հ.33 հասցեում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, ինչով պայմանավորված Ալինա Շարյանը ներկայացված դիմումով խնդրել է հատուցել պատճառված վնասը:
Համաձայն՝ Ալինա Շարյանի 2019 թվականի հուլիսի 10–ի թիվ Շ-959 դիմումին կից ներկայացված՝ 2018 թվականի մարտի 24-ին տրված հ.KB604276 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 35RD653 հաշվառման համարանիշով «Nissan March 1.2L» մակնիշի ավտոմեքենան հանդիսացել է Ալինա Շարյանի սեփականությունը:
Ալինա Շարյանի կողմից չեն ներկայացվել պատահարի հետևանքով ավտոմեքենայի վնասի չափը որոշող փաստաթղթեր, ինչպես նաև պատահարի ու պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալի, պետի պաշտոնակատարի 17.07.2019 թվականի հ.17/Շ-959 գրության համաձայն՝
Սայաթ-Նովայի պողոտայի հ.33 հասցեում, քաղաքացի Ալինա Շարյանի անձնական մեքենայի վրա ընկել է ոչ թե ծառ, այլ ծառի սաղարթից կոտրված ճյուղ: Նշված գրությամբ տեղեկացվել է նաև, որ տվյալ ծառատեսակը գտնվում է կենսունակ վիճակում և ծառի որոշակի հատվածի ճուղավորության անջատումը բնամասից նախապես կանխատեսել հնարավոր չէ:
Լսումների ընթացքում Ալինա Շարյանը հայտնեց, որ 2019 թվականի հուլիսի 10–ի թիվ Շ-959 դիմումը ներկայացնելուց հետո նշված ավտոմեքենան իր կողմից օտարվել է և ներկայումս ինքը չի հանդիսանում այդ ավտոմեքենայի սեփականատերը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Ալինա Շարյանի 2019 թվականի հուլիսի 10-ի թիվ Շ-959 դիմումը մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ