Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3298-Ա 11.09.2019թ.


ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Վահագն Թոռչյանի 2019 թվականի հուլիսի 18–ի թիվ Թ-1595 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Վահագն Թոռչյանը, լսումներին ներկայացել է Վահագն Թոռչյանը և նրա լիազորված անձ՝ Ալբերտ Կանդալյանը:
Երևանի քաղաքապետին ուղղված Վահագն Թոռչյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանի կողմից 2019 թվականի օգոստոսի 7-ի թիվ Կ-3588 դիմումով, որպես ապացույցներ, ներկայացվել են ավտոմեքենայի հաշվառման անձնագրի պատճենը և դեպքի վայրի տեսաձայնագրությունը:
Ուսումնասիրելով Վահագն Թոռչյանի 2019 թվականի հուլիսի 18-ի թիվ Թ-1595 և 2019 թվականի օգոստոսի 7-ի թիվ Կ-3588 դիմումները, գնահատելով դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2019 թվականի հունիսի 25-ին Բաբայան 12 շենքի հասցեում կայանված Վահագն Թոռչյանին պատկանող ավտոմեքենայի վրա ընկել է ծառ, որի հետևանքով մեքենան վնասվել է, ինչով պայմանավորված Վահագն Թոռչյանը խնդրել է փոխհատուցել պաճառված վնասը:
2018 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ KB558879 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համաձայն՝ «MITSUBISHI OUTLANDER 2.4» մակնիշի 28VA080 պետհամարանիշի ավտոմեքենան, պատկանում է Վահագն Թոռչյանին:
Լսումների ընթացքում Վահագն Թոռչյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանը բանավոր հայտարարեց, որ ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է մոտավորապես 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, սակայն վնասի չափի վերաբերյալ ապացույց չի ներկայացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վահագն Թոռչյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2019 թվականի հուլիսի 18–ի թիվ Թ-1592 և 2019 թվականի օգոստոսի 7-ի թիվ Կ-3588 դիմումները մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ