Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

27.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

3303-Ա, 27.08.2014

 

ԵՐԵՎԱՆԻ «Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 20-ի N 01/07.2/9494-14 գրությամբ առաջարկվել է չեղյալ համարել Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի վերը նշված գրության համաձայն` առաջարկ կատարելու համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 13-ի N 653-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը (այսուհետ` հանձնաժողովի եզրակացություն), որը կցվել է գրությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթները:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն` նշված հանձնաժողովը, ուսումնասիրելով Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի բացասական եզրակացությանը և Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Կարինե Հարթենյանի բողոքով ներկայացված փաստերը, հանգել է այն եզրակացության, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ:
Գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ և մրցույթի արդյունքներն անհրաժեշտ է չեղյալ համարել` հետևյալ փաստական և իրավական հիմնավորումներով.
Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2014 թվականի օգոստոսի 1-ի արձանագրության համաձայն` տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ անցկացնելու համար կայացած նիստին ներկա են եղել խորհրդի 6 անդամները։
Հավակնորդ՝ Սուսաննա Սարգսյանը քվեարկության արդյունքում ստացել է 4 կողմ ձայն, և խորհրդի որոշմամբ ճանաչվել է հաղթող:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում խորհուրդը բաղկացած է 8 անդամից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» (այսուհետ` նաև Կարգ) 26-րդ կետի համաձայն՝ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Ուստի, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա 5 կողմ ձայն:
Հետևաբար, խախտվել է Կարգի 26-րդ կետի պահանջը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդ՝ Սուսաննա Սարգսյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԵՇԴ/0136/01/13 քրեական գործով 2013 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել երեք դրվագով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 3-րդ կետերով և մեկ դրվագով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել է տուգանքի, ինչպես նաև հանրային և պետական կազմակերպություններում որոշակի պաշտոններ, այն է՝ կազմակերպչական, տնօրինական գործառույթներով իրականացվող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 6 ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Սուսաննա Սարգսյանը ազատվել է հիմնական պատիժը կրելուց։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը։ Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատվածությունը մարվում է ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝
դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Ուստի, խախտվել են վերը նշված օրենքների պահանջները:
Կարգի 29-րդ կետի համաձայն` ընտրության արդյունքները չեղյալ են համարվում դատական կարգով կամ ներկայացուցչի բացասական եզրակացության, լիազորված մարմնի, հավակնորդի, խորհրդի անդամի բողոքների հիմքերով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի 29-րդ կետի պահանջներով.


Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Չեղյալ համարել Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և 2014 թվականի օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ