Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4123-Ա 04.11.2019թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արթուր Նահապետյանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 4-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Արթուր Նահապետյանը:
Ուսումնասիրելով Արթուր Նահապետյանի 2019 սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Արթուր Նահապետյանի 2019 սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումի համաձայն՝ 2019 թվականի օգոստոսի 31-ին Եր.Քոչարի փողոցով անցնելիս, չորացած ծառն ընկել է 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս, ինչով պայմանավորված Արթուր Նահապետյանը խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:
Լսումների ընթացքում Արթուր Նահապետյանի կողմից, որպես ապացույց, ներկայացված՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ PB185393 վկայագրի համաձայն՝ «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Վլադիմիր Մնացականյանի սեփականությունը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունք խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Նահապետյանը չի հանդիսանում 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումում նշված՝ «MERCEDES-BENZ» մակնիշի, 36DC663 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի սեփականատերը, հետևաբար Արթուր Նահապետյանը չի հանդիսանում նաև նշված ավտոմեքենային պատճառված ենթադրյալ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, ուստի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումը ենթակա է մերժման՝ վնասի հատուցման պահանջը ոչ իրավասու անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Արթուր Նահապետյանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Ն-1776 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                   ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ