Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4124-Ա 04.11.2019թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Դավիթ Նավասարդյանի 2019 թվականի օգոստոսի 5-ի թիվ Ն-1440 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 5-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Դավիթ Նավասարդյանը:
Ուսումնասիրելով Դավիթ Նավասարդյանի 2019 օգոստոսի 5-ի թիվ Ն-1440 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2019 օգոստոսի 5-ի թիվ Ն-1440 դիմումի համաձայն՝ 2019 թվականի հունիսի 26-ին Դավիթ Նավասարդյանին պատկանող «KAMAZ» մակնիշի ավտոմեքենան վնասվել է ճանապարհը պատշաճ կահավորված չլինելու պատճառով, ինչով պայմանավորված Դավիթ Նավասարդյանը խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:
Լսումների ընթացքում Դավիթ Նավասարդյանը հայտնել է, որ տվյալ օրը «KAMAZ» մակնիշի, 36GT390 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի կողմից դեպի Արարատյան փողոցի ուղղությամբ երթևեկելիս, մոտենալով Շիրակի փողոցի հ.37 էլեկտրական սյանը, մոտավորապես 10 մետր հեռավորությունից նկատել է երթևեկելի մասում թափված սպիտակ ավազի հարթ ծածկույթ, որը կահավորված չի եղել ճանապարհային նշաններով: Դավիթ Նավասարդյանն իր վարած ավտոմեքենայով անցել է ավազի վրայով և ավտոմեքենայի աջ կողմի 2-րդ և 3-րդ անիվներն ընկել են ավազով ծածկված փոսի մեջ, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Լսումների ընթացքում Դավիթ Նավասարդյանը հայտնել է նաև, որ նշված ավտոմեքենան օգտագործում է արդեն երեք տարի, սակայն պատահարը տեղի ունենալու պահին մեքենան իրեն սեփականության իրավունքով չի պատկանել:
2019 թվականի հուլիսի 25-ին տրված թիվ PH343228 վկայագրի համաձայն՝ «KAMAZ» մակնիշի, 36GT390 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Դավիթ Նավասարդյանի սեփականությունը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունք խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունիսի 26-ի դրությամբ տեղի ունեցած պատահարի ժամանակ Դավիթ Նավասարդյանը չի հանդիսացել «KAMAZ» մակնիշի, 36GT390 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի սեփականատերը, հետևաբար Դավիթ Նավասարդյանը 2019 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով գույքային վնաս չի կրել և չի հանդիսանում նաև նշված ավտոմեքենային պատճառված ենթադրյալ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, ուստի 2019 թվականի օգոստոսի 5-ի թիվ Ն-1440 դիմումը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Դավիթ Նավասարդյանի 2019 թվականի օգոստոսի 5-ի թիվ Ն-1440 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                       ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ