Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


423-Ա 10.02.2020թ.

 

ԱՐՄԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Ոսկանյանի դիմումը՝ Փափազյան փողոցի հ.32/1 տաղավարի զբաղեցրած 12.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 16-ի հ.2668-Ա և հուլիսի 17-ի հ.6736-Ա որոշումների հիման վրա, Արման Ոսկանյանի հետ 2009 թվականի հուլիսի 27-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.48/Կ պայմանագիրը, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 10.02.2010թ. հ.2767756 վկայական): Հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլի 16-ին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2009 թվականի հուլիսի 27-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.48/Կ պայմանագրի 9.2-րդ կետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.11.2019թ. հ.18-06/1-Ն-2098 եզրակացությունը.
1. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` Երևանի քաղաքապետի անունից, Արման Ոսկանյանի հետ կնքել Երևան քաղաքի Փափազյան փողոցի հ.32/1 տաղավարի զբաղեցրած 12.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2021 թվականի մարտի 1-ը ժամկետով, հողամասի կառուցապատման տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 2-րդ մասի գ) ենթակետով սահմանված չափով՝ պայմանագրում ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:»,
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ կետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատման իրավունք ունեցողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ