Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4263-Ա 13.11.2019թ.

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`
1. Երևան քաղաքի ավագանու «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին», «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին», «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2. Հաստատել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները` համաձայն հ.հ.1, 2 և 3 հավելվածների:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Հ.Սարգսյանին:
4. Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Ն.Աբելյանին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին`
1) Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում.
2) Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագծերը և դրանց ընդունման հիմնավորումը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում (www.e-draft.am) հրապարակել Նախագծերը:
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել «Առավոտ» օրաթերթում հրապարակվող հանրային քննարկումների հրավերների համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ֆինանսական, զարգացման և ներդրումային ծրագրերի, եկամուտների հաշվառման և գանձման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ