Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4678-Ա 11.12.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով`
1.Հիմնադրման միջոցով ստեղծել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։
2. Սահմանել, որ.
1) Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա. Երևան քաղաքի կանաչապատման իրականացում,
բ. Երևան քաղաքի կանաչ տարածքների (տնկարկների) ընդարձակում,
գ. կանաչ տարածքների խնամք, ոռոգում, մաքրում, անտառպաթոլոգիական աշխատանքների իրականացում և պահպանություն,
դ. տնկարանային (այգեգործական) տնտեսության` բաց գրունտի և փակ գրունտի աշխատանքների կազմակերպում, ծառաթփային բույսերի և ծաղիկների աճեցում, վերարտադրության կազմակերպում,
ե. Երևանի կանաչ տարածքների մոնիթորինգի և քարտեզագրման աշխատանքների կազմակերպում,
զ. Երևան քաղաքի լանդշաֆտային պլանավորման (դիզայն) կազմակերպում,
է. վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունման կայանների կազմակերպում և սպասարկում, նախատեսված տարրաների տեղադրում, ժամանակավոր պահեստավորում,
ը. վտանգավոր թափոնների ընդունում կայաններում, ժամանակավոր պահեստավորում և հանձնում՝ վնասազերծում իրականացնող լիցենզավորված կազմակերպություներին,
թ. խոշոր եզրաչափ ունեցող թափոնների 1 խոր. մետր 1 ամսվա կտրվածքով բնակիչներից ընդունում, դրանց վերամշակում կամ տեղափոխում աղբավայր,
ժ. ոլորտում մասնագիտացված միջազգային և տեղական կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն և այդ կազմակերպությունների հետ կանաչապատման, լանդշաֆտային պլանավորման և շրջակա միջավայրին վերաբերող խնդիրների լուծման տարաբնույթ ծրագրերի համատեղ մշակում ու իրականացնում,
ի. կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված էկոկրթական աշխատանքների իրականացում,
լ. Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող այլ գործառույթների իրականացում:
2) Երևանի Թեյշեբանի փողոցի հ.8/8 հասցեում գտնվող 25 հա հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է Կազմակերպությանը:
3.Թույլատրել Կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
1) կանաչապատման ծառայությունների մատուցում,
2) լանդշաֆտային պլանավորում,
3) կանաչ տարածքների (տնկարկների) խնամքի, մշակման, անտառպաթոլոգիական աշխատանքների, պահպանության ծառայությունների մատուցում,
4) Կազմակերպության տնկարանային (այգեգործական) տնտեսության ծառաթփային բույսերի և ծաղիկների վաճառքի իրականացում,
5) խոշոր եզրաչափ ունեցող աղբի, շինարարական աղբի հավաքման, պահեստավորման կամ տեղափոխման ծառայությունների մատուցում,
6) վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների հանձնում, վաճառք` վերամշակման կամ վերաօգտագործման նպատակով:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետին` օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստել Կազմակերպության կանոնադրության և հաստիքացուցակի նախագծերը՝ համապատասխանաբար Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի վրա:
7. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում այն հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ