Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

581-Ա 05.03.2019թ.

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի 2018 թվականի դեկտեմբերի 28–ի թիվ Գ-6784 դիմումի և Արտակ Գասպարյանի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ Գ-617 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Աշոտ Գասպարյանը և Արտակ Գասպարյանը:
2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին ներկայացել է Աշոտ Գասպարյանը և Աշոտ Գասպարյանի ու Արտակ Գասպարյանի լիազորված անձ՝ փաստաբան Վահագն Գասպարյանը /լիազորագրեր տրված 2018 թվականի հունվարի 24-ին, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ հ.1775/:
Ուսումնասիրելով Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի 2018 թվականի դեկտեմբերի 28–ի թիվ Գ-6784 դիմումը, Արտակ Գասպարյանի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ Գ-617 դիմումը, գնահատելով դիմումներին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի 2018 թվականի դեկտեմբերի 28–ի թիվ Գ-6784 դիմումի՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Աշոտ Գասպարյանը, երթևեկելով Արտակ Գասպարյանին պատկանող «Մերսեդես բենց» մակնիշի 41SR444 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Նորագավիթի ճանապարհի մեջտեղում բախվել է բետոնե արգելապատնեշի, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Համաձայն՝ 2012 թվականի հոկտեմբերի 15-ին օգոստոսի 18-ին տրված հ.SB675253 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 41SR444 հաշվառման համարանիշով «Մերսեդես բենց C230» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Արտակ Գասպարյանի սեփականությունը:
Արտակ Գասպարյանի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ Գ-617 դիմումին կից ներկայացված «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետ Աղվան Հովսեփյանի կողմից 2019 թվականի հունվարի 31-ին տրված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Մերսեդես բենց» մակնիշի 41SR444 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասի վերականգնման ծախսերի /ավտոմեքենայի նորմալ շահագործողական վիճակի բերելու համար անհրաժեշտ դետալների, հանգույցների և վերականգնման աշխատանքների/ շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, կազմում է 729000 /յոթ հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամ:
«Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետ Ա.Հովսեփյանի կողմից 2019 թվականի հունվարի 31-ին տրված եզրակացության մեջ նշված չեն 2019 թվականի հունվարի 30-ին փորձաքննության ներկայացված ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառները, հետևաբար ապացուցված չէ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Աշոտ Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի և 2019 թվականի հունվարի 30-ի դրությամբ ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 2019 թվականի հունվարի 11-ի հ.14/Գ-6784 գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման բաժնից՝ վարչության աշխատակցին տրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հերթապահ մասից 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 18:10-ին ստացվել է ահազանգ այն մասին, որ Արտաշատից դեպի Երևան ուղղությամբ, Նորագավիթի հատվածում, ճանապարհի երթևեկելի մասում առկա են վնասված բետոնե արգելապատնեշներ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահը՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 18:12-ին ահազանգը փոխանցել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին, առ այն, որ մինչև ժամը 18:10-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Դիմումատուների կողմից չեն ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած պատահարը կանխելու նպատակով վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելու, պատահարից խուսափելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքները, ինչպես նաև վարորդի կողմից պատահարը կանխելու անհնարինությունը հիմնավորող ապացույցներ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետով սահմանված է, որ վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է հետևյալ լիազորությունները.
ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ,
ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժէ.3) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ և նշաններ, իրականացնում է ճանապարհային գծանշումներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ և 67-րդ կետերով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Աշոտ Գասպարյանի և Արտակ Գասպարյանի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ Գ-6784 և Արտակ Գասպարյանի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ Գ-617 դիմումները մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ