2019-ի 2 ամիսներին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 104.9%-ով

04.03.2019

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: 

«Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության ապահովումն է: Եթե մեր բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, ապա սա առաջնային կետն է, որ պետք է պարտադիր լուծենք: Յուրաքանչյուր գործողություն պետք է բխի քաղաքացիների անվտանգության ապահովումից», - ընդգծել է քաղաքապետ Մարությանն ու վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ըստ ոլորտների արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ սպառնում են բնակիչների առողջությանն ու անվտանգությանը:
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին էլ հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ:
«Այս կերպ մենք առաջին հերթին կապահովենք աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև երթևեկության կազմակերպման համար խոչընդոտներ չեն լինի: Պետք է այս մշակույթը ձևավորենք մայրաքաղաքում»,- նշել է քաղաքապետը:
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:
Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:
Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով:

 

Տեսանյութ

2019-ի 2 ամիսներին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 104.9%-ով
Տեսնել ավելին