Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում

13.04.2018

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով:
Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: Թատերական պրեմիերան կայացել է շուրջ 2 ամսվա նախապատրաստությունից հետո:
Ներկայացմանը հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:
Ներկայացման ավարտին շնորհավորելով դպրոցին` Արամ Սուքիասյանն իր հիացմունքն է հայտնել բեմականացումից և պատանի դերասանների խաղից:
«Ներկայացումը դիտելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ թատերարվեստում ևս մեկ հետաքրքիր հայտ ներկայացվեց: Ուրախ եմ տեսնել, որ պատանիներն այս կերպ են ընկալում և ներկայացնում Մոլիեր: Ուրախ եմ նաև, որ ֆրանկոֆոնիայի օրերը հնարավորություն են տալիս գանդես գալու նոր մտահղացումներով, և հրաշալի կլիներ, եթե հաջողված այս բեմադրությունը հնարավոր լիներ ներկայացնել ավելի պատասխանատու բեմերում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Հանդիսատեսը Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներին ճանապարհել է անդադար ծափողջույններով և կրկին բեմում տեսնելու ցանկությամբ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին