Ամփոփվել են «Երևանյան ամառ» բուժակցիայի արդյունքները

22.08.2014

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներն ամփոփվել են։ Օգոստոսի 1-ից 15-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 1373 քաղաքացի. 415 քաղաքացի լրացուցիչ հետազոտությունների ու խորհրդատվության համար ուղեգրվել է նեղ մասնակգիտական ստացիոնար բուժհաստատություններ՝  Քաղաքային էնդոկրին դիսպանսեր, Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ։ Ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներից 112-ն ուղեգրվել են համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության։
«Ակցիայի օրերի ընթացքին քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հետևել է պարբերական շրջայցերով. նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն է այցելել համաբուժարաններ։ Մենք հորդորել էինք բուժաշխատողներին ակտիվ լինել նաև քաղաքացիներին ներգրավելու հարցում։ Ճիշտ է՝ 1373 քաղաքացի է օգտվել ամառային ակցիայից, բայց հաշվի առնելով, որ արձակուրդային սեզոն է, ինչպես նաև առողջապահական գարնանային ակցիային աննախադեպ բարձր դիմելիությունը՝ 26.400 քաղաքացի, կարծում եմ՝ այս անգամ էլ ակցիան լիովին ծառայեց նպատակին։ Տարվա երկու կիսամյակում մեկական անգամ անցկացվող այս ակցիաներն ունեն ոչ միայն սոցիալական մեծ նշանակություն (հիշեցնեմ, որ գարնանը ակցիայով 2000 քաղաքացի է անվճար վիրահատվել), այլ, նախևառաջ, կանխարգելիչ ուղղվածություն։ Այդպիսով, Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հնարավորություն է ընձեռում, հետևողականորեն յուրովի կոչ է անում քաղաքացիներին՝ հետևել առողջությանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ «Երևանյան ամառ» ակցիայի օրերին պոլիկլինիկաներ դիմած և մասնագիտական բուժհաստատություններ ուղեգրված բոլոր քաղաքացիները կստանան հասանելիք բուժզննումը, եթե մինչև օգոստոսի 15-ը չեն հասցրել հետազոտվել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանը 2014 թ. գնել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն համարվող համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության 15 մլն դրամ արժողությամբ փաթեթ և համապատասխան ուղեգրման առկայության դեպքում երևանցիները մինչ տարեվերջ էլ կարող են օգտվել այդ բուժծառայությունից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ