Արաբկիր զբոսայգին վերադարձվել է համայնքին

13.08.2019

Շուրջ 3 հա զբաղեցնող Արաբկիր զբոսայգին կամ ինչպես ժողովուրդն է անվանում` Մալականի այգին, վերադարձվեց համայնքին: Շուրջ 50 տարվա վարձակալության պայմանագրով հանգստի գոտու տնօրինումն ու խնամքը մասնավորին էր հանձնվել: Տնօրինումը՝ տնօրինում, սակայն խնամք ընդհանրապես չի ապահովվել:

«Այգին վերջին 30 տարում բարձիթողի են մատնել և հասել ենք այս կետին, երբ ջրային համակարգը չի գործում, հուշարձանային հատվածը ոչ միայն անբարեկարգ է, այլև անխնամ: Իմ նշանակվելուց հետո փորձել ենք այգուն ուշադրություն դարձնել, հասկանալ խնդիրները և այգու վարձակալություն և ենթավարձակալություն հանգույցը փորձեցինք ինչ-որ կերպ քանդել»,-նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
2009-ին վարձակալության հանձնված այգին 2019-ին կրկին դարձավ համայնքինը: Տարիների ընթացքում զգալիորեն նվազել է այգու կանաչ մակերեսը: Այգում կան բնիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես կանաչ տարածքի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։
«Սա բացառիկ այգիներից մեկն է, որտեղ այսքան շատ մշտադալարներ ունենք: Այստեղ կան գիհիներ, որոնք շատ հազվագյուտ են Երևանի համար, կենսածառերի տարբեր տեսակներ, որոնք այս այգում մեծաքանակ են և շատ կարևոր են Երևանի համար: Մեր կանաչապատման ֆոնդում մշտադալար ծառատեսակները ընդամենը 3% են, չնայած իրենց կարևոր սանիտարահիգինեիկ գործառույթներին. դրանք բավականին մեծ քանակությամբ են փոշի և աղտոտիչ նյութեր են կլանում և մաքրում օդը: Այգին տեղադիրքով էլ շատ կարևոր վայրում է, որովհետև անմիջապես կապվում է Հրազդանի կիրճի հետ և բնապահպանական միջանցք է համարվում»,-ասում է բնապահպան Գայանե Ներսիսյանը:
Այգու վերականգնման համար առաջնային քայլը ոռոգման համակարգի անցկացումն է. աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Հանգստի գոտում կարդիականացվի արտաքին լուսավորության ցանցը, կտեղադրվեն նոր նստարաններ և աղբամաններ, կբարեկարգվեն ճեմուղիները:
Այսօրվա կիսաքանդ սրճարանային տարածքների փոխարեն այգում կլինեն նաև առանձնացված հատվածներ՝ քանդակագործների և նկարիչների, խաղահրապարակներ՝ երեխաների համար: Կկառուցվեն հեծանվային և արշավային արահետներ, որոնք կմիանան Հրազդանի կիրճին:
«Հունվարից մինչև հունիս ամիսը ունեցել ենք 243 մլն դրամի լրացուցիչ մուտքեր մեր բյուջե և, հետևաբար, կարող ենք մեզ իրավունք վերապահել և այս անխնամ այգուն կատարել հատկացումներ: Այգում գործարարությունը գրեթե նվազագույնի ենք հասցնելու. եթե ինչ-որ բան էլ նախատեսվի, դա ընդամենը այցելուների հարմարավետության ապահովման համար կլինի»,-ասում է վարչական շրջանի ղեկավարը:
Մինչ այգու բարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ վարչական շրջանն արդեն սկսել է Կոմիտասի պողոտայից այգի տանող Փափազյան փողոցի մայթերի կառուցումը: Այս տարիների ընթացքում այգու շուրջ 2000 քմ տարածք էլ մասնավորեցվել է: Հիմա արդեն վարչական շրջանը քայլեր է ձեռնարկում այդ տարածքը ևս վերադարձնելու նպատակով: Հանգստի գոտում 2018թ.-ից զիփլայն է գործում: Տնտեսվարողի հետ այսօր վարչական շրջանը բանակցում է նոր ծրագրեր իրականացնելու համար:
2020թ. Արաբկիրը կնշի հիմնադրման 95-ամյակը: Վարչական շրջանի ղեկավարը նկատում է. բարեկարգված այգին կլինի լավագույն նվերն արաբկիրցիներին:

Տեսանյութ

Արաբկիր զբոսայգին վերադարձվել է համայնքին