Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունն անցկացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը

24.07.2014

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:

Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. «Սա ևս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու և, ինչու չէ, նաև տեսնելու վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին ավելի արագ լուծումներ տալու տեսանկյունից, նման աշխատակարգն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը:

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին