Այցելեք Երևան. զբոսաշրջային այս ուղղությունն ամեն տարի ավելի պահանջված է դառնում

20.01.2020

Հայաստան, Երևան։ Զբոսաշրջային այս ուղղությունն ամեն տարի ավելի ու ավելի շատ երկրների համար դառնում է ամենապահանջվածը։ 

2801-ամյա Երևանին ծանոթությունն սկսում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ավելի քան 80 երկրի քաղաքացիների համար մուտքը Հայաստան առանց հրավերի է կամ հեշտացված կարգով։
Երևան այցելողների հարմարավետության և անվտանգության պատասխանատուն նաև քաղաքն է։ Ենթակառուցվածքների զարգացման համար Երևանի քաղաքապետարանը նոր ծրագրեր է մշակում։ Առկա խնդիրներին քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ ծանոթացավ օդանավակայանում։
«Ուրվագծվեց մեր հետագա համագործակցության ուղին: Խոսեցինք նաև առկա խնդիրների և դրանց լուծումների մասին: Խոսքը, մասնավորապես, հանրային տրանսպորտի և տաքսիների մասին է»,- նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրենի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:
Ձմռանը սովորաբար զբոսաշրջիկների թիվը փոքր է, բայց ոչ այս տարի: «Ամանորը՝ Հրապարակում» ծրագիրը Երևան բերեց մեծ թվով զբոսաշրջիկների:
Ու՞ր գնալ, ի՞նչ տեսնել։ Քաղաքում զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել օգնում են տեղեկատվական կենտրոնները։
«Տրամադրում ենք անվճար քարտեզներ, գրքեր տարբեր լեզուներով»,-ասում է տեղեկատվական կենտրոնի աշխատակից Լիլիթ Թովմասյանը:
«2019 թվականին 37 հազար զբոսաշրջիկ է սպասարկվել 2 կենտրոնի կողմից՝ 2018-ի 26 հազարի համեմատ»,-նկատում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Քաղաքապետարանը մտադիր է տեղեկատվական կենտրոն տեղակայել նաև օդանավակայանում։ Կան նաև այլ ծրագրեր:
«Կգործարկվի visityerevan հարթակը, որն առցանց կօգնի զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել»,-հավելում է Գևորգ Օրբելյանը։
Վերջին տարիներին Երևանը զարգանում է նաև որպես փառատոնային քաղաք։ 2019-ն այս առումով հագեցած էր։ Ընթացիկ տարվա համար քաղաքային իշխանությունը ևս հետաքրքիր ծրագիր է պատրաստել։
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Երևան 2019-ին և տոն օրերին։ Տվյալները դեռ մշակվում են, սակայն նախնական թվերն արդեն խոսուն են։
«9 ամիսների տվյալներով գրանցվել է 14 տոկոս աճ, ինչը կազմում է մոտ 3,1 մլն այցելություն, որից մոտ 1,6-ը հենց զբոսաշրջիկներ են եղել»,- նշում է զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը։
Երևան ամենից շատ գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, առաջին եռյակում են հարևան Վրաստանն ու Իրանը։ Այժմ աշխատում են նոր ուղղություններ բացել։ Օրեր առաջ Երևանում վայրէջք է կատարել «RyanAir» ավիաընկերության առաջին բյուջետային չվերթը՝ Միլանից։ Առաջիկայում 7-ի փոխարեն կլինի 17 ուղղություն։
Զբոսաշրջիկները Երևանն ընտրում են ինչպես ընտանեկան հանգստի համար, այնպես էլ զույգերով ճանապարհորդության կամ էլ ընկերական հանդիպումների համար։
Երևանը հարմար է տարբեր հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկների համար։ Շքեղ հանգստի համար կան հետաքրքիր առաջարկներ։
Ոչ հարուստ զբոսաշրջիկների համար գործում են փոքր հյուրանոցներ, որոնք նաև ծանոթացնում են ազգային մշակույթին ու ավանդույթներին։
Ծանոթանալ քաղաքին, իհարկե, նպաստում են թանգարանները. համայնքային թանգարանները 2019-ին այցելությունների աճ են գրանցել։ Միայն Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանը նախորդ տարի ունեցել է 32,800 այցելու՝ 6 հազարով ավելի, քան 2018-ին։ Ի դեպ, 13 հազարը եղել են հենց զբոսաշրջիկներ։
«Այս տարի ունենալու ենք աուդիոգիդեր, նաև անվճար փոխադրում դեպի էրեբունի թանգարան, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր»,-ասում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Սուր զգացողությունների սիրահարներին Երևանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը։
Արդեն երեկոյան քաղաքի զարկերակն արագանում է: Ժամանցի կենտրոնները՝ սրճարաններն ու ակումբները պատրաստ են դիմավորել քաղաքի հյուրերին։
Վերջին տարիներին հետաքրքիր միտում կա. զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել օպերան, թատրոններն ու նաև ազգային երաժշտությունը։
Հայաստանն ու Երևանը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն ընտրում են նաև բլոգերները։ Սոցիալական ցանցերում Երևանի մասին գրառումները հետաքրքիր կերպով միանման են։ Բոլորը տպավորված են ոչ միայն պատմությամբ ու մշակույթով, այլև քաղաքի բացառիկ ջերմությամբ։

Տեսանյութ

Այցելեք Երևան. զբոսաշրջային այս ուղղությունն ամեն տարի ավելի պահանջված է դառնում