Ազգային հերոս Հովագիմյան․ ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ

07.09.2020

6-ամյա Ջուլիաննան «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բացառիկ ու բարդ վիրահատությունից հետո կազդուրվում է: 13 ժամ՝ վիրահատարանում, գրեթե 2 ամիս՝ վերակենդանացման բաժանմունքում: 

«Սպասեցինք 1 տարի և երբ այս տարի փետրվարին Հովագիմյանը ժամանեց Հայաստան, ընդամենը մեկ վիրահատության ընթացքում հետ քայլ արեցին բոլոր նախորդ վիրահատութուննները, տեղադրվեց միջնապատ, ինչի շնորհիվ աղջիկս այսօր ունի երկփորոքային նորմալ սիրտ: Այդ հրաշագործ մարդը պարգևեց նոր կյանք ու... նոր սիրտ»,-ասում է Ջուլիաննայի մայրը՝ Մելինե Ղարաքեշիշյանը:
Ջուլիաննայի պատմությունն այն հազարավորներից է, որոնք լուսավորել են երեխաների կյանքը՝բժիշկ, սրտաբան Հովագիմյանի շնորհիվ: Կապուտաչյա աղջնակն ամենից շատ երազում է, որ փոքրիկ սրտերն այլևս չցավեն ու դրա համար արդեն որոշել է.
«Որ մեծանամ, ուզում եմ մանկական սրտաբան դառնալ»,-նշում է Ջուլիաննան:
Վարչապետի առաջարկով և Հանրապետության նախագահի հրամանագրով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագիմյանին շնորհվեց ազգային հերոսին կոչում: Նա առաջին բժիշկն է, որն արժանացել է պետական բարձրագույն կոչմանը:
«Նա չի ձգտում զբոսնել աշխարհում, ունենալ լավ տուն: Այդ ամենն իր ընկալիքներից դուրս է»,-պատմում է մանկական սրտաբան Կարեն Կուրդովը:
«Մի երազանք ուներ՝ Հայաստանում ունենալ միջազգային մակարդակին համպատասխան սրտային վիրաբուժություն, և մենք ունեցանք այն»,- ասում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը:
Հալեպում ծնված, ուսանած, հետո ԱՄՆ-ում մասնագիտական հմտությունները զարգացրած հայ բժշկի սիրտը նրան բերեց հայրենիք: 1993 թվականին Հովագիմյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնեց մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը: 1996-ին բացվեց նաև մեծահասակներինը:
«Երբ 1991 թվականին Հայաստան եկա, մի յոթ-ութ խենթեր կային՝ իմ գործընկերները, որոնք մի երազի հավատացին: Նրանք առաջին բջիջն էին նախ գոյավորելու երազանքը, հետո տարիների ընթացքում իրագործելու այն»,-ասում է Հովագիմյանը:
«Ցուրտ էր, չկար ջեռուցում, հոսանքի հովհարային անջատումներ էին: Ոչինչ չէր նպաստում սրտային վիրաբուժության զարգացմանը: Եկավ իր թիմով՝ 7 հոգով: Նա ողջ կյանքով նվիրված է մեր երկրին, նա սիրում է այս հողը» ,- պատմում է Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի 1986-2018թթ. տնօրեն Լիդա Մուրադյանը:
«Ստեղծվեց սրտային վիրաբուժության մի մեծ դպրոց, որն այսօր գնալով զարգանում է: Բացի բժշկական աշխատանքից՝ նաև բավականին մեծ քանակով սարքավորումներ են ներկրվել՝ բարեգործական սկզբունքով»,-նշում է «Նորք-Մարաշ բժշկական» կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը:
Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժկենտրոնը տարեկան ընդունում է 5000 քաղաքացու, կատարվում է ավելի քան 500 վիրահատություն: «Նորք- Մարաշ»-ի երիտասարդ մասնագետներին իր սիրտն է վստահել նաև հենց ինքը՝ բժիշկ Հովագիմյանը: Գրեթե ամեն տարի նա վերադառնում է, ինչպես ինքն է ասում՝ այնտեղ, ուր կա սեր՝ Հայաստան. հիվանդներն սպասում են: Մեզ հետ բացառիկ զրույցում ազգային հերոսն անկեղծանում է. կոչումն անակնկալ էր:
«Դրամատիկ անակնկալ էր, և ինձ դեռ թվում է՝ անորթոդոքս ... անհարմար եմ զգում: Սա է իմ իսկական զգացողությունը: Բայց միևնույն ժամանակ հոգուս խորքում շատ խորն եմ զգացված»,- ասում է Հովագիմյանը:
Անկախության կոչով հայրենիք վերադարձած, Հայաստանում սրտային վիրաբուժության լավագույն դպրոցը հիմնած Հովագիմյանը նշում է՝ այդ ամենում կարևոր դեր է կատարել պետության աջակցությունը.
«Առաջին օրից, որ եկա Հայաստան, որոշել էի, որ քաղաքականության հետ գործ չունեմ: Իմ քաղաքականությունն իմ հիվանդներն են: Բայց նախորդ երեքի հետ էլ լավ հարաբերություններ ունեի, հիմա էլ՝ չորսի»,- ընդգծում է բժիշկը:
Առաջին բժիշկ ազգային հերոսը, որի ընտանիքն իր մասնագիտություն է, դեռ շատ ծրագրեր ունի. ասում է՝ կծառայի հայրենքին մինչև վերջ:

Տեսանյութ

Ազգային հերոս Հովագիմյան․ ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ