«Բնակիչները պետք է գոհ լինեն պոլիկլինիկաների ծառայություններից». Հայկ Մարության

13.11.2018

Երևանի ավագանու հերթական նիստին այսօր հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքապետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, կրթության, առողջապահության, մշակույթի, բարեկարգման ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներին:
Ավագանու մի շարք անդամներ մտահոգություն են հայտնել համայնքային մանկապարտեզներում սննդի կազմակերպման առնչությամբ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն այս կապակցությամբ նշել է, որ գործընթացը վերահսկվում է: Քաղաքապետ Հայկ Մարությանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա խիստ հսկողություն սահմանել մանկապարտեզներին տրամադրվող սննդի նկատմամբ և մատակարարների նկատմամբ ավելի պահանջկոտ լինել: Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքի շատ հատվածներում մայթերի դժվարանցանելիության խնդրին: Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ այժմ ուսումնասիրություններ են կատարվում Կենտրոն վարչական շրջանում, որից հետո էլ կտրվեն հստակ լուծումներ, և գործընթացը կշարունակվի մյուս վարչական շրջաններում ևս: Օրակարգային է նաև համայնքային համաբուժարանների բարեկարգման խնդիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել պոլիկլինիկաների ներկա վիճակն ու նշել, որ պետք է ձգտել, որ Երևանի բնակիչները գոհ մնան պայմաններից ու մատուցվող ծառայությունների որակից:

Լուսանկարներ

Տեսնել ավելին