«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր է ընտրվել Գագիկ Գալստյանը

31.10.2014

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ թեկնածու՝ Գագիկ Գալստյանը, ով համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է: Վերջինս, խորհրդի անդամներին հակիրճ ներկայացնելով համալսարանի զարգացման հայեցակարգը, նշել է, որ բուհը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու, պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները, պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ:

Այնուհետ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30 անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ Գագիկ Գալստյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր:
Ամփոփելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գագիկ Գալստյանին ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը բուհի առջև ծառացած խնդիրները լուծելու և ձեռնարկվող ծրագրերին աջակցելու ու կյանքի կոչման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ