«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին մայրաքաղաքում կգործարկվի հեծանվային նոր երթուղի

02.10.2014

Երևանի քաղաքապետարանն «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին անակնկալ է պատրաստել սիրողական և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` այս տարվա մայիս ամսին հեծանվամարաթոնով մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին, ժամը 11-ին Մատենադարանին հարակից տարածքից կգործարկեն մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին: Հեծանվուղուն վերաբերող մանրամասները ներկայացվել են քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երթուղին կձգվի մատենադարանից մինչև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հեծանվուղու բացման առիթով կազմակերպված հեծանվային մարաթոնին կմասնակցեն շուրջ 400 հեծանվորդներ: Երթի ավարտին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա շոու-ծրագիր, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնք հատուկ պատրաստված հարթակների վրա կներկայացնեն հնարքներ `BMX հեծանիվներով: Դեռևս 2013 թվականի վերջին Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի գլխավորությամբ կազմավորված Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների, ճանապարհային ոստիկանության, սիրողական հեծանվորդների, կամավորների, ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը մանրակրկիտ ուսումնասիրություն էր իրականացրել հեծանվուղու գործարկման վերաբերյալ: Մամուլի ասուլիսին մասնակից Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն էլ նշել է, որ մինչ այս Երևանում արդեն բացվել և գործում է հեծանվուղի, սակայն այս մեկն իր տեսակի մեջ առաջինն է, որ գրեթե ամբողջովին ձգվելու է փողոցների բանուկ հատվածներով: Երթուղու գործարկմամբ հեծանիվը մայրաքաղաքում ըստ էության դառնում է լիարժեք տրանսպորտային միջոց: Երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան փողոցներով մինչև Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում «Տաշիր» առևտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան և Արցախի ու Էրեբունու փողոցներով հասնում մինչև «Էրեբունի» թանգարան: Հետադարձը՝ «Էրեբունի» թանգարան, Ազատամարտիկների փողոցով մինչեւ Էրեբունի վարչական շրջանի վարչական շենք, Սասունցի Դավթի փողոցով մինչև երկաթգծի կայարան, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, Խանջյան, Մոսկովյան փողոցներով մինչեւ Մաշտոցի պողոտա և մատենադարան: Երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով և հեծանվով շրջել ցանկացող զբոսաշրջիկների համար քաղաքի տեսարժան վայրերը տեսնելու լավ հնարավորություն է ընձեռում: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին համատեղ ծրագրեր իրականացնելու գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար`«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն էլ խորհրդանշական է համարել հեծանվուղու բացումը մայրաքաղաքի տոնի նախօրյակին և նշել, որ «Կոկա-Կոլա»-ի գործունեության ուղղություններից մեկն էլ առողջ ապրելակերպը խթանելն է, հետևաբար, ըստ ամենայնի, նմանատիպ ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկայում: Հեծանվուղու կազմակերպիչները փորձել են այն հնարավորին անվտանգ դարձնել: Անգամ առանձին հատվածներում լուսացույցները հարմարեցվել են հեծանվորդների անվտանգ ու ապահով անցուդարձին, այդուհանդերձ շատ է կարևորվում երթևեկության կանոնների պահպանումն ու հեծանվորդների բարձր ինքնագիտակցությունն ու մշտական զգոնությունը, քանի որ մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում տրանսպորտային ակտիվ երթևեկ է: Բացի այդ, Խանջյան – Սայաթ-Նովա խաչմերուկի վերգետնյա անցման հարակից հատվածից հատուկ թեքահարթակով կշրջանցեն Խանջյան փողոցի այն վտանգավոր հատվածը, որտեղ սկսվում է ստորգետնյա անցման մուտքը, այնուհետ կրկին միանում Խանջյան փողոցին: Երթուղին ենթադրում է բազմաթիվ խաչմերուկների հատում, որտեղից հետագայում`հեծանվային մշակույթի զարգացման շնորհիվ, հնարավորություն կլինի գործարկել հեծանվային նոր երթուղիներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ