ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երեխաների անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է. խախտման դեպքում ներում չի լինելու». փոխքաղաքապետ

18.05.2020

Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված հանդիպմանը խոսել է անվտանգության կանոնների պահպանման և աշխատանքների կազմակերպման մասին: Նախնական հարցումներով սպասվում է երեխաների շուրջ 30-35% այցելություն: 

«Մեր երեխաների անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է: Եթե որևէ մանկապարտեզում որևէ աշխատակից խախտի անվտանգության կանոնները, ապա ներում չի լինելու, և տվյալ աշխատակիցը կամ աշխատակիցներն այլևս հանրակրթության համակարգում անելիք չեն ունենա: Մենք գործ ունենք ավելի քան 11 հազար երեխաների և նրանց ընտանիքների առողջության և անվտանգության հետ: Սա միակ դեպքն է, որ փոխզիջում չենք տեսնում: Ամեն մեկն այս օրերին պետք է ցուցաբերի սոցիալական պատասխանատվություն»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Մանկապարտեզներում կիրականացվի ամենօրյա ախտահանում, աշխատակիցները կկրեն դիմակներ, որոնք օրվա ընթացքում կկարողանան փոխել:
Անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները կջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով: Երեխաները կջերմաչափվեն նաև օրվա ավարտին: Բակերում ծնողների համար կլինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Խաղերն ու դասաժամերն առաջարկվել է հիմնականում կազմակերպել բացօթյա՝ պահպանելով երեխաների միջև սոցիալական հեռավորությունը: Ննջասենյակների հատվածներում ևս պետք է պահպանվի համապատասխան հեռավորություն:
Փոխքաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթությունը կտրվի աշխատող ծնողների երեխաներին: Միաժամանակ Տիգրան Վիրաբյանը շեշտել է, որ տնօրենները կամ աշխատակիցներն իրավունք չունեն պարտադրելու ծնողներին՝ բերել կամ չբերել մանկապարտեզ:
Հանձնարարել է բացառել քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ նման անձանց խնամող աշխատակիցների աշխատանքի գալը՝ վերջիններիս հնարավորին զերծ պահելով համավարակի վտանգից: Միաժամանակ քաղաքապետի տեղակալն ընդծել է, որ հիվանդության մասին համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում աշխատակիցներն ամբողջությամբ կվարձատրվեն:
Առանձին խորհրդակցություն է անցկացվել նաև մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փոխքաղաքապետը շեշտել է, որ սննդի ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Միաժամանակ նշվել է, որ մատակարարումն իրականացնող մեքենաները պետք է լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player