«Երևան» ոսկե հուշամեդալ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին

17.12.2014

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա է եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ուսումնական նախագծերի տոնավաճառ» ամենամյա ցուցահանդեսին, որն այս տարի նշանավորել է նաև կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակը և անցկացվել է «Գեղարվեստը՝ կրթահամալիրում» խորագրով։ Տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսում կրթահամալիրը ներկայացնում է ընթացիկ տարվա գործունեությունը, հեղինակային նախագծերը, պարգևատրում լավագույն ուսուցչին ու աշակերտին, ինչպես նաև նախանշում հաջորդ տարվա անելիքը։
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է կրթահամալիրի նախագծերին, սաների գեղարվեստական աշխատանքների ցուցադրությանը, ունկնդրել կրթահամալիրի սաների կատարմամբ համերգը։
Այնուհետ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին է հանձնել «Երևան» ոսկե հուշամեդալը, որով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը պարգևատրվել է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև կրթության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ