«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր վեցերորդ

07.10.2017

Արդեն վեց օր անընդմեջ շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներից բաղկացած խմբերը շրջել են Երևանի տարբեր շրջաններում, այցելել 303 ընտանիք ու փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերները: 

Ամփոփելով առաջին շաբաթվա տվյալները՝ որի ընթացքում «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի պատասխանատուներն այցելել են 1891 ընտանիք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է. «Ծրագրի առաջին շաբաթն անցել է ըստ նախատեսվածի. յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից 12 վարչական շրջաններ են ուղևորվել ծրագրի պատասխանատուները՝ շատ բարձր տրամադրությամբ և մեծ պատասխանատվությամբ:
Առաջին շաբաթվա ընթացքում այցելել ենք 1891 ընտանիք:
Մյուս շաբաթվա ընթացքում կայցելենք մնացած 908 ընտանիք:
Քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ստանում ենք շնորհակալական խոսքեր, ինչպես նաև ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող քաղաքացիների զանգեր: Ծրագրի ավարտից հետո ողջ տեղեկատվությունը կամփոփվի և կուսումնասիրվի՝ հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով»:
Ջերմ վերաբերմունքից և ուշադրությունից շոյված՝ ընտանիքների անդամներն իրենց շնորհակալակությունն են հայտնել ծրագրի կազմակերպիչներին՝ չմոռանալով շնորհավորել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ մայրաքաղաքի ծննդյան կապակցությամբ:
«Երևանի ծննդյան առթիվ բոլոր երևանցիներին ցանկանում եմ առողջություն և երջանկություն: Նաև ցանկանում եմ, որպեսզի միշտ հոգ տանեն իրենց հարազատ քաղաքի նկատմամբ, միշտ մաքուր և գեղեցիկ պահեն այն»,- ասել է այցից անակնկալի եկած բնակիչներից մեկը:
Հատկանշական է, որ սոցիալական ծրագրում ընդգրկված են նաև գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ և այլն:
Ճարտարագետ և երգահան Գևորգ Կարապետյանը, ով նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետարանի անակնկալին, ծրագրի պատասխանատուներին հայտնեց Երևանի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը. «Սիրով միշտ մասնակցել եմ մեր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումներին և այս տարի ևս անպայման ներկա կլինեմ: Շատ ուրախ կլինեի, եթե բոլոր երևանցիները, մի կողմ դնելով իրենց առօրյա հոգսերը, նույնպես մասնակցեին յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումներին: Սա այն տոներից է, որ համախմբում է բոլորիս»:
Հիշեցնենք, որ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ. նրանց անակնկալներ կմատուցվեն մինչև հոկտեմբերի 11-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր վեցերորդ
Տեսնել ավելին