«Երևան Սիթի Տուր»-ը տոնական օրերին 30-ից ավելի շրջերթ է կատարել

10.01.2018

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ գործարկված «Երևան Սիթի Տուր» տոնական երթուղին, որի մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 20-ին, աշխատել է նաև Ամանորի օրերին: Իրականացված 30-ից ավելի շրջերթերը սպասարկել են շուրջ 100 այցելուի՝ ինչպես երևանցիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների, առավելապես՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Տոնական երթուղու այցելուների համար հաճելի անակնկալ էր նախապատրաստված. նրանց դիմավորել և ուղեկցել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ավտոբուսը շրջել է տոնական Երևանի փողոցներով՝ այցելուներին ներկայացնելով մայրաքաղաքի լուսավորված և զարդարված տեսարժան վայրերը: Երթուղու ընթացքում ներկաների բարձր տրամադրությունն ապահովել է ամանորյա ուրախ երաժշտությունը:
«Երևան Սիթի Տուր» տոնական ծրագիրը կշարունակի գործել մինչև հունվարի 13-ը: Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասն տեղեկությունների և շրջերթում տեղերի ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 011 514-230 հեռախոսահամարով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ