Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հաղթող

23.07.2016

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետևել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետներ և պաշտոնատար այլ անձինք:
 «Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք` ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են նաև հաշմանդամ անձ ունեցող 22 ընտանիքներ:
 Ընդհանուր թիմային հաշվարկով երևանյան ընտանիքները հավաքել են 2006 միավոր և գրավել առաջին տեղը` չորրորդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
 Շնորհավորելով երևանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը՝ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարն ամրապնդելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին