Երևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ

04.05.2020

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկն էլ «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումների կահավորումն էր: 

«Կարևորելով երթևեկության անվտանգության կազմակերպումը Երևան քաղաքում՝ քաղաքապետի հանձնարարությամբ անցած տարեվերջին տեղադրվեց 5 «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, աշխատանքները շարունակվեցին նաև այս տարի, և մենք հիմա ականատես ենք 4 նոր լուսացուցային օբյեկտների գործարկմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:
Ծրագրի ծավալները 2020թ. զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտնի միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:
«Առաջիկա օրերին կգործարկվեն ևս 5-ը, 2-ն էլ գտնվում են ընթացքում: Այսինքն՝ կունենանք ընդհանուր առմամբ 11 նոր լուսացուցային օբյեկտ, որոնք անվտանգ կդարձնեն հետիոտնի շարժը նշված ճանապարհահատվածներում: Իսկ ընդհանուր առմամբ 26 լուսացույցի նախագծերը գտնվում են ավարտական փուլում, որը ևս նախատեսում ենք մինչև տարեվերջ տեղակայել»,- նշում է Էդգար Գալստյանը:
Արդեն իսկ ընթացքի մեջ են նաև 2021-ի համար նախատեսված նմանատիպ լուսացույցների տեղադրման նախագծային աշխատանքները: Հաջորդ տարի կտեղադրվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով ևս 37 լուսացույց:
Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները:
Անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը կամուրջներն ու էստակադաները գիշերային լուսավորությամբ կահավորելն է: Նշված հատվածներում, ի դեպ, տեղադրվում են էներգախնայող LED լուսատուներ, որոնք նաև ավելի պայծառ լուսավորություն են ապահովում:
«Տեսնում եք՝ ինչ տեսարան ենք ստացել: Ընդհանուր առմամբ, այս ամեն ինչն արվում է, որ մեր վարորդներն ավելի ապահով երթևեկեն, վթարներն ավելի կպակասեն: Հետագա պլաններում նախատեսում ենք Երևանի բոլոր թունելներն արդիականացնել LED լուսատուներով»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:
Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, քաղաքապետի պատվիրակված լիազորություններից է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն հաշվի առնելով մայրաքաղաքում անվտանգ երևեկության ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ փոխօգնության կարգով համայնքը ՃՈ-ի հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր:

 

Տեսանյութ

Երևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ
Տեսնել ավելին